Search
Close this search box.

Կիպրոսի, «Զիգզագ»-ի, «Թեմուրնոց»-ի և «Գենացվալե»-ի խաշլամայի մասին. այս ամենի մեղավորը ՀՀ ԱԳՆ-ն է

Կիպրոսը Հայաստանում դեսպանություն չունի: Երևանում կա Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն: Այն գտնվում է Հյուսիսային պողոտա 1, Նորդ բիզնես կենտրոն 18 հասցեում: Պատվավոր հյուպատոսությունն ունի հեռախոսահամար, որը կարելի է գտնել ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում https://www.mfa.am/hy/consulates-armenia/cy : Հայաստանում Կիպրոսի Հանրապետության պատվավոր դեսպանն է Խաչատրյան Արմենը:

Եթե ՀՀ քաղաքացին ցանկանում է այցելել Կիպրոս, ապա նա պետք է այցելի վերը նշված հասցեում գտնվող պատվավոր հյուպատոսություն կամ, հարցերի դեպքում, զանգահարի ՀՀ ԱԳՆ-ի կայքում առկա հեռախոսահամարով: Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոսություն զանգահարած ՀՀ քաղաքացիները պատմում են, որ շատ անգամ հեռախոսազանգին պատասխանում է ավտոպատասխանիչը, որն ազդարարում է ՙԶիգզագ՚ խանութի՝ այլ հասցե տեղափոխվելու մասին:

Քանի որ հիշատակված ՀՀ քաղաքացիներին չի հետաքրքրում ՙՁիգզագ՚ խանութի աշխարհագրական տեղաշարժը, վերջիններս փորձում են պատվավոր հյուպատոսության հետ կապնվել կապի ժամանակակից մեկ այլ ձևաչափով՝ էլեկտրոնային նամակի միջոցով: Կրկին այցելելով ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայք, ՀՀ քաղաքացին պարզում է, որ Հայաստանում Կիպրոսի Հանրապետությոան էլեկտրանային փոստի հասցեն է՝ [email protected]: Իմանալով սա, ՀՀ օրինապաշտ քաղաքացին վերջնականապես խճճվում է, քանզի տարիների ընթացքում այցելել է բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններ, որտեղ նմանօրինակ տարակուսանք չի ունեցել:

Իրականում շատ դժվար է պատկերացնել, որ ասենք ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության հեռախոսի ավտոպատասխանիչը պատասխանի ՙԹեմուրնոց՚ սննդի օբյեկտի՝ այլ հասցե տեղափոխվելու մասին, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության էլեկտրոնային փոստը գործի [email protected] հասցեի ներքո: Այդպիսի բան լինել չի կարող և վերջ:

Մեր երկրում կարող է լինել, քանի որ Խաչատրյան Արմենը, Հայաստանում Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոս լինելուց բացի, ՙԶիգզագ՚ ՍՊԸ-ի շահառուներից մեկն է http://www.mes.am/files/docs/2803.pdf , ինչպես նաև հայտնի է, որ ՙԶիգզագ՚ ՍՊԸ-ն կապվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդի անվան հետ: Սակայն սա չէ էականը:

Պարզվում է, որ Հայաստանում Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակն իրականացնում է մուտքի արտոնագրերի տրամադրման կամ մերժման գործընթաց: Իրավական տեսանկյունից բավականին խոցելի է այն հանգամանքը, որ պետության անունից վարչարարություն է իրականացնում ոչ թե պետության վարչական մարմին հանդիսացող ստորաբաժանումն այլ, ըստ էության, հասարակական գործունեության առաքելություն ունեցող պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Սակայն, մեծ հաշվով, սա նույնպես էական չէ:

Խնդիրն այն է, որ Կիպրոսն իրեն հռչակել է բացառապես տուրիստական առաքելություն ունեցող երկիր: Բացի այդ, Հայաստանն ու Կիպրոսն ավելի քան բարեկամական երկրներ են, որոնք անգամ ունեն նույն հետաքրքրությունները, թե տարածաշրջանում, թե տարածաշրջանից դուրս: Այս իմաստով անհասկանալի է մուտքի արտոնագրի տրամադրման մերժման տրամաբանությունը, երբ ՀՀ քաղաքացին տուրիզմի շրջանակներում ցանկություն է հայտնում այցելել Կիպրոս: Ընդ որում, նշված քաղաքացին ՙԶիգզագ՚ ՍՊԸ-ից, կներեք ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակից հայցում է բացառապես Կիպրոսի ազգային վիզա:

Ինչու՞ եմ շեշտում, որ խոսքս վերաբերում միայն ազգային վիզային: Կիպրոսը հանդիսանում է նաև Շենգեն գոտու տարածք: Դժվար, սակայն մի կերպ կհասկանայի, որ Կիպրոսի անունից մերժվեր Շենգեն գոտու մուտքի արտոնագիրը: Դա կարող էր նշանակել նաև, որ Կիպրոսը չի ցանկանում պատասխանատվություն կրել շենգենյան երկրների իր գործընկերների առջև: Սակայն խոսքն ազգային վիզայի մասին է, որի անգամ առկայության դեպքում, հաշվի առնելով Կիպրոսի աշխարհագրական դիրքը, դժվար է նույնիսկ տեսականորեն պատկերացնել քաղաքացու ազատ տեղաշարժը դեպի այլ երկրներ:

Ինչևէ: Շատ անգամ ասել եմ և էլի կրկնում եմ՝ այս ամենի մեղավորը ՀՀ ԱԳՆ-ն է, որի միջոցով պետք է պաշտպանվեն ՀՀ քաղաքացու իրավունքները: Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները հարգեն նստավայր պետության՝ ՀՀ օրենքները: Հակառակ դեպքում, ունենում ենք բազմաթիվ զիգզագների, թեմուրնոցների, արայների կամ էլ Թումանյան շաուրմայանոցների անվան տակ աշխատող հյուպատոսություններ: Եվ ով գիտի, միգուցե շուտով արտերկիր մեկնելը պայմանավորված լինի ՙԶիգզագ՚ խանութից հեռուստացույց գնելու կամ ՙԳենացվալե՚ պանդոկից խաշլամա պատվիրելու հանգամանքով:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL