ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի քանի ժամ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ երեկ Նոր Հաճնում ողբերգական դեպքի արդյունքում մահացած չորս երեխաների հայրը և տարեց կնոջ որդին ձերբակալվել է Ուկրաինայի օդանավակայանում։
Տեղեկացնում եմ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռոստովի օդանավակայանում։ Արդեն կապվել եմ ձերբակալված քաղաքացու՝ Ռոստովում գտնվող ազգականների հետ, իրենց միջոցով նաև գործով զբաղվող իրավապահների կոնտակտները փոխանցել ենք տեղի հյուպատոսարանին։ Այս պահին Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը զբաղվում է հարցով։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակին, ՀՀ Միգրացիոն ծառայությանը, ՀՀ ԱԳՆ աշխատակազմին արագ արձագանքելու և տեղեկության հետքերով գնալու համար», -նշել է նա հավելելով, որ քիչ առաջ Ռոստովում ՀՀ հյուպատոսարանից հայտնել են, որ արագացված կարգով դատ կազմակերպեն և այնուհետև, ըստ պայմանավորվածության, Արմանը կլինի Հայաստանում։