Նոյեմբերի 14-ին «Տեսանկյունի» խմբագրություն էր դիմել Նոյեմբերյան քաղաքին հարակից Ջուջեւան գյուղի բնակիչ Մհեր Չիլինգարյանը, ով հայտնեց, որ իր առանձնատան բակում կուտակված 24 քառակուսի մետր փայտը, որը իր եւ իր հարազատ 2 անձանց օրինական, փաստաթղթերով տրված թափուկն է, տեղափոխելու են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Մենք այդ մասին հայտնեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, ով հայտնեց, որ այդ առթիվ կխոսի ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Կարեն Հակոբյանի հետ։
Նոյեմբերի 15-ին Մհեր Չիլինգարյանը զանգահարեց եւ հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցները սույն թափուկը տեղափոխում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Լինելով Ջուջեւանում ՝տեսանք, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ղեկավարությունը վարձելով Նոյեմբերյան քաղաքից օրավարձու 2 բանվորի եւ Այրումի պահածոների գործարանի բեռնատարը՝ տեղափոխում է Մհեր Չիլինգարյանի բակում կուտակված, ,3 անձանց պատկանող 24 խմ փայտը։ Այդ թափուկի օրինականության վերաբերյալ կան փաստաթղթեր։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ պաշտոնական կեղծիքի մասով։
Պաշտոնական կեղծիք համարվածն էլ առնչվում է թափուկի հատկացման օրվա վերաբերյալ գրառմանը , սակայն դատախազի որոշմամբ որոշվել է ձմռան կեսին ջուջեւանցի Մհեր Չիլինգարյանի տան բակից ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխել 24 խորանարդ մետր թափուկը։ Թե այդ թափուկի հետո ինչ քննչական գործողություններ պետք է կատարեն, պարզ չէ; Կատարվածից դժգոհող ջուջեւանցիները հայտնեցին, որ այդ ամենը կատարվում է ջուջեւանցի Յուրիկ Իսրայելյանի դրդմամբ, ով տարիներ շարունակ եղել է Ջուջեւանի անտառապահ, հետո կենսաթոշակի անցնելով՝ իր պաշտոնը փոխանցել է Բագրատաշենում բնակվող իր փեսային։
Վերջինս ապրելով Ջուջեւանից 40 կմ հեռավորությամբ՝ գտնվող Բագրատաշենում, սակավ է գործի հաճախում, Յուրիկ Իսրայելյանը փաստացի անտառապահի գործ է անում։ Ջուջեւանցիները հայտնեցին, որ Յուրիկ Իսրայելյանի աղջիկ Շուշանիկ Իսրայելյանը պատասխանատու պաշտոն զբաղեցելով ՀՀ դատախազության համակարգում, ուղղորդում է ոստիկանության գործողությունները։
Մհեր Չիլինգարյանի կինը՝ Օֆելյան հայտնեց, որ սեպտեմբերի 19-ին իրենց տուն եկած ոստիկանության սպային հայտնել է, որ Յուրիկ Իսրայելյանը անօրինական փայատանյութ է ներկրել իր տուն, սակայն ոստիկանության սպան հեռախոսով խոսելով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Կարեն Հակոբյանի հետ՝ իր հաղորդմանը ընթացք չի տվել, մի շաբաթ անց, երբ Յուրիկ Իսրայելյանը թաքցրել է իր կուտակած փայտը, Չիլինգարյաններին հայտնել է, որ ոստիկանություն պետք է դիմել գրավոր դիմումով։
Նոյեմբերի 15-ին վրդովված ջուջեւանցիները Նոյեմբերյանի ոստիկաններին դիմեցին, որ Յուրիկ Իսրայելյանի տան ցանկապատը անօրինական փայտի տախտակներով է կառուցապատված։ Ոստիկաները եղան Յուրիկ Իսրայելյանի տանը , որոշ գործողություններ կատարեցին։ Մհեր Չիլինգարյանի եւ 2 այլ անձանց պատկանող 24 խորանարդ մետր թափուկը բեռնատարի 2 ուղերթով տեղափոխվեց ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նշենք, որ Ջուջեւանում փորձագետ չկար, որ չափեր ոստիկանություն տեղափոխված թափուկի քանակը։