Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում:
Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ վերընթաց զարգացող հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները լիովին համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ նորանշանակ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում:
Ընդգծելով, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեն կայուն քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ակտիվ շփումներ եւ փոխայցելություններ՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը:
Նախագահը միջպետական կապերի ամրապնդման եւ խորացման գործում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության մեծ դերը՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականներն ակտիվ շփվում եւ արդյունավետ համագործակցում են ոչ միայն երկկողմ ձեւաչափում, այլեւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում: Հանրապետության Նախագահը կարեւորել է նաեւ 2013թ. Ֆրանսիայի խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին, այդ թվում՝ առաջիկայում Բրյուսելում նախատեսվող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքներին:
Հանրապետության Նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:
Անդրադառնալով հումանիտար-մշակութային ոլորտում համագործակցությանը՝ Հանրապետության Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը կարեւորագույն իրադարձություն են համարել 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը, որի շրջանակներում Երեւան կժամանեն ֆրանկոֆոն երկրներից բազմաթիվ բարձր մակարդակի պատվիրակություններ: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն անելու է ամեն հնարավորը գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու եւ անցկացնելու համար:
[smartslider3 slider=128]