Search
Close this search box.

«Տարոն-Ավիա»-ն Աֆրիկան գերադասել է Հայաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է այլևս Հայաստանում աշխատել ու այսուհետև կգործի Աֆրիկայում: Մեր երկրում տեղական արտադրանքին, տեղական գործունեությանը նախապատվություն տալու պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից:

«Տարոն-Ավիա»-ն, ի դեպ, վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից բավականին էժան գներով տեղափոխել են Հայաստան, ինչի արդյունքում ավիաընկերությունը վնասներ է կրել: Բացի այդ էլ, ըստ Քարամյանի, ՌԴ օդանավակայաններում խտրական՝ երկու տեսակի գներ են գործում՝ տեղական և օտարերկրյա ավիափոխադրողների համար, և, իրենք, ըստ էության, այդ մրցակցությանը չեն դիմացել:

Այժմ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քաղավիացիայի կոմիտեն տեսչական ստուգումներ է կատարել «Տարոն-Ավիա»-ում: Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե ստուգումների արդյունքում թերություններ են արձանագրվել, ու որոշել են ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը կասեցնել:

Ըստ Կ. Գյուրջյանի` 6 ամիս ժամկետ են տվել թերությունները վերացնելու համար, բայց ընկերությունը կես տարվա ընթացքում թերությունները շտկելու փոխարեն որոշել է դադարեցնել գործունեությունը: «Թռիչքային անվտանգության հետ կապված հարցեր են շոշափվել, որոնց վերաբերյալ առաջին դասի թերություններ են արձանագրվել: Դրանք վերացնելու վերաբերյալ մենք ընկերությանը տվել ենք ժամկետ, բայց իրենք ասել են, որ այդ ժամկետներում չենք կարող վերացնել և նպատակահարմար ենք գտնում փակվել…

Թռիչքային անվտանգությանը վերաբերող թերություններ են, բայց դա երբեք չի նշանակում, թե օդանավը թռիչքների համար պիտանի չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Կ. Գյուրջյանը` ավելացնելով, թե տեղյակ չեն եղել, որ «Տարոն – Ավիա»-ն ֆինանսական խնդիրներ է ունեցել: Ինչևէ, վերջնարդյունքում փաստն այն է, որ հայկական ավիաընկերությունն այլևս Աֆրիկայում կգործի: Իսկ «Տարոն-Ավիայի» հեռախոսազանգերն այժմ արդեն անպատասխան են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL