ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հանձնաժողովն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել: Հայտնի է, որ նախագծին դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ: Նշվում է, որ փաստաթուղթը կհաստատվի միայն դեկտեմբերին՝ Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվելուց հետո:
«Այսպիսով, հերթական անգամ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է Ռուսաստանին հաճո կերպով՝ հայտնվելով աշխարհի հետադիմական երկրների հետ նույն շարքում:
Արտաքին քաղաքականության արդյունավետության ու ինքիշխանության գնահատման ցուցիչները նաև տվյալ երկրի քվեարկություններն են միջազգային կազմակերպություններում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: