Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Արայիկ Սահակյանը նշանակվել էր 2019թ․-ի փետրվարին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, նրանից հետո պաշտոնից ազատվել էր նաև կառուցի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։
Նշենք, որ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով իր հրաժարականից հետո այլ հավանական հրաժարականներին։
«Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։
Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։
Սպասեք ավելին…»,-գրել էր նա։