Search
Close this search box.

Սեյրան Օհանյանի աթոռը դատարկ էր. ովքեր են ներկա Վազգեն Մանուկյանի ակումբի համաժողովին

Տեղի է ունենում Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել «Վերնատուն» անունով հասարակական-քաղաքական ակումբ ստեղծելու մասին։

Համաժողովին քննարկվում են մի շարք հարցեր՝ Արցախի հակամարտության բանակցային գործընթաց, հանրության պառակտումը՝ ազգային անվտանգության սպառնալիք, դատաիրավական համակարգ, Սահմանադրական դատարանի խնդիրներ։

Համաժողովին ներկա են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր ուժերից նեղացած-հեռացածներ՝ Արփինե Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյան, Դավիթ Շահնազարյան, Աղվան Վարդանյան, Արմեն Ռուստամյան, Արամ Հարությունյան, Լարիսա Ալավերդյան, Ռուբեն Հակոբյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան, Հրանտ Մարգարյան, Իշխան Սաղաթելյան և այլք:

Ի դեպ, հրավիրվածների թվում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն նրա անվան դիմացի աթոռը դատարկ է:

Հայաստանում վաղուց զգացվում էր հանգիստ միջավայրում երկրի առջեւ ծառացած հարցերի քննարկման հարթակի ստեղծման անհրաժեշտություն, ասաց «Վերնատուն» ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մասնակից մնում է իր կարծիքին, բայց շփումները կարեւոր են կարծիքների ձեւավորման եւ համերաշխության համար։ Ակումբը դեռեւս ձեւավորման փուլում է, մի քանի քննարկումներ են անցկացվել՝ կապված Արցախի, տնտեսության, ներքին իրավիճակի հետ։ «Աստիճանաբար ձեւավորվել է մշտական մասնակիցների շրջանակը, բայց «ակումբի անդամ» հասկացություն առայժմ չկա, եւ ես չեմ շտապում այդ հարցում, որպեսզի բոլորին պարզ լինի, որ սա իմ սեփականությունը չէ, այլ ընդհանուր է»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

ArmLife.am

Please enter a valid URL