Search
Close this search box.

«Լավրովը Քոչարյանին ասաց՝ նստիր տեղդ». ՌԴ ԱԳ նախարարի այցի մեսիջները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, թե «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի», ռևերանս է՝ ուղղված Հայաստանին: Այս կարծիքին է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա՝ սրանով Լավրովը փորձեց վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների հավասարակշռությունը և Հայաստանի հետ նոր քաղաքականության ձևավորման հիմք դրեց:

«Ինչքանով հասկանում եմ՝ Հայաստանի հետ նոր քաղաքականության ձևավորման սկիզբն է դրել (Լավրովը-խմբ.): Խոսքը հավասար գործընկերային հարաբերության մասին է, որը մինչ այժմ չի եղել. եղել է իրավիճակ, երբ ինչպես ուզել են, այնպես է եղել:

Հիմա Հայաստանի ընդվզումը, քննադատությունը տեղ է հասել: Մենք քննադատում էինք, որ ոչ թե Ռուսաստանի հետ չհարաբերվենք, այլ որ նա մեզ հետ հարաբերվի հավասարը հավասարի հետ: Պուտինի այցից հետո Լավրովի այցը հենց դրան է միտված:

Այս ուղղությամբ նոր քաղաքականություն է մշակվում: Սա մեր պայքարի արդյունքն է և ոչ թե նվեր Ռուսաստանից»,- մեր զրույցում կարծիք հայտնեց Շիրինյանը:

Լավրովի երեկվա այցի մյուս կարևոր մեսիջը թերևս այն էր, որ ինքը համաձայն է Փաշինյանի առաջարկած բանաձևին՝ «Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար»: «Այստեղ դժվար է վիճել»,- այս բանաձևի կապակցությամբ երեկ Հայաստանում հայտարարեց Լավրովը:

Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ Փաշինյանի առաջարկած այդ բանաձևը Ղարաբաղի հարցում անշարժ պատկերացումները շարժում է դեպի դրական ելքի միտում: Նա նաև վստահ է, որ Արցախի հարցը վաղուց լուծված է ժողովրդի շնորհիվ, իսկ մնացածը դիվանագիտության հարց է.

«Ալիևը գիտի, որ այլ կերպ հնարավոր չի Արցախի հարցը լուծել, եթե այդ լուծումը մեր և Արցախի շահի հետ չի համընկնում: Մենք ասում ենք ինքնորոշում, իրենք ասում են տարածք, տարածքն ու ինքնորոշումը իրար հետ չնույնացող բանաձև են և դա Ռուսաստանին ձեռնտու է, կռիվը կշարունակեն հավերժ, ինքն էլ կլինի բարեկամ կամ միջամտող»,- ասաց Շիրինյանը:

Մյուս և հավանաբար ամենաշատ քննարկված մեսիջը, որ երեկ Լավրովը հղեց՝ հետևյալն էր. «Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումների, բանակցությունների սկզբում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնի Երևանը»:

Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը. այս հարցում նա կարծես թե երկմտելու տեղ չթողեց, սակայն կասկածներ այնուամենայնիվ հայտնվեցին:

«Ինձ թվում է Քոչարյանին նկատի ուներ: Բոլորն են ասում, որ Քոչարյանի ժամանակ է Արցախը բանակցային գործընթացից դուրս եկել և այդ լուրերը Լավրովը փաստորեն հաստատում է: Ռուսները սովորություն ունեն՝ լուրերը տարածում-տարածում են, հետո կամ հերքում են կամ հաստատում, նայած ինչպես է ձեռնտու: Էս պարագայում նա ՔՊ-ի բանաձևով Քոչարյանին ասում է՝ նստիր տեղդ»,- իր կարծիքը հայտնեց քաղաքագետը: Նրա համոզմամբ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում և նրանք որոշել են «հանձնել» նրան:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL