Search
Close this search box.

«Իմ քայլը» նոր թշնամու փնտրտուքի մեջ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը պետք է թշնամու կերպար, որի հետ կամ որի դեմ պետք է պայքարել: Առանց թշնամու այս խմբակցությունը որևէ կերպ չի կարող արդարացնել իր անիմաստ գոյությունը: Նախկինում նրանք անողոք պայքար էին մղում ՀՀԿ-ի և նախկին իշխանությունների դեմ: Նախկին իշխանություններին էին խանգարում, որ երկրում ներդրումներ լինեն, նախկիններն էին խանգարում, որ արտագաղթը կասեցվեր, նախկիններն էին խանգարում, որ երկրում արդարադատություն հաստատվեր:

Բայց իշխանության գալուց մեկուկես տարի հետո նախկինների դեմ պայքարը կորցրել է իր արդիականությունը և հետևաբար արդյունավետությունը: Հասարակությունը հոգնել է հների դեմ պայքարից և նոր իշխանություններից շոշափելի արդյունքներ է ակնկալում, ուզում է իր կյանքի որակական փոխփոխություն, սակայն փոխվել է միայն իշխողների կյանքի մակարդակը, այդ մակարդակը անշեղ աճ է արձանագրում:

Հիմա իշխանությանը նոր թիրախներ են պետք, նոր թամաշաներ, որոնք կարող են առժամանակ շեղել հասարկության ուշադրությունը: Քանի որ այլ թիրախ գոնե այս պահին չի նշմարվում, նորերը որոշել են կրկնել նախկիններին և հարձակվել ԲՀԿ-ի վրա: Գևորգ Պետրոսյանի նախագծի հետ կապված աժիոտաժն ընդամենը առիթ է: Նույնիսկ իմքայլականներին կարող էր պարզ լիներ, որ խորհրդարանում 70 տոկոս ունեցող քաղաքական ուժը կարիք չունի բղավելու, հայհոյելու և սպառնալու:

Բավական է, որ հնազանդ մեծամասնությունը սեղմեր դեմ կոճակը և Գևորգ Պետրոսյանի նախագիծն անաղմուկ կմերժվեր:
Մինչդեռ «Իմ քայլին» աղմուկ է պետք ու որքան հնարավոր է ուժեղ, որպեսզի հասարկությունը լսի և հասկանա, որ պայքարը դեռ չի ավարտվել, որ պայքարը շարունակվում է: Որովհետև միայն այդ աղմուկով է հնարավոր խլացնել հասարակության անընդհատ ուժգնացող դժգոհությունը: Գուցե առժամանակ հնարավոր լինի հասարակությանը կերակրել նման տեսարաններով, բայց հաստատ գալու է այն պահը, երբ հասարակությունը տեսարաններից բացի նաև հաց է պահանջելու, և այդ ժամանակը շատ արագ է մոտենում:

Please enter a valid URL