Search
Close this search box.

Ինչու է փոխնախարարն ազատվել պաշտոնից

Ինչպես հայտնի է, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից։ Նա չի ցանկանում խոսել պատճառների մասին։ Իսկ այսօր Արդարադատության նախարարությունը «եւ նալին, եւ մեխին» խփող հայտարարություն է տարածել՝ նշելով, թե խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն։

Այս մեկնաբանությունից ստացվում է, որ փաստորեն Վարդապետյանն էր խանգարում արդյունավետ աշխատանքին։ Բայց, միեւնույն ժամանակ, արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը։

Սակայն, այդպես էլ պարզ չէ՝ Վարդապետյանն ինքնակամ է հեռացել, թե հանել են նրան աշխատանքից, կամ արդյոք նա թերանո՞ւմ էր աշխատանքում, ինչով չէր բավարարում պահանջները։

Փոխնախարարի ազատման պատմությունը էլ ավելի խճճեց առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Նա հայտարարեց, թե Վարդապետյանի փոխարեն նոր փոխնախարար կունենան, եւ կառուցվածքային փոփոխությունը պետք չէ հասկանալ կրճատում, այն նաեւ վերակազմավորում է ենթադրում։

Հանուն արդարության պետք է ասել, որ սոցիալական ցանցերում Վարդապետյանի հեռանալը վատ է ընդունվել, նրան շատերը համարում են պրոֆեսիոնալ կադր։ Ստացվում է, որ մի կողմից իշխանությունը կադրային խնդիր ունի, մյուս կողմից էլ պրոֆեսիոնալները հեռանում են։ Ընդ որում՝ կարծես այս իշխանությունն էլ չի ձերբազատվում անկանխատեսելի ազատում-նշանակումներ անելու պրակտիկայից։ Մինչդեռ հրապարակային գործելակերպը, հաշվետվողականությունը ոչ միայն չէր խանգարի իշխանություններին, այլեւ կբարձրացներ հանրային վստահության ռեսուրսը։ Ամեն դեպքում, քաղաքացիների հարկերից սնվող կառավարությունը պետք է հաշվետու լինի՝ ինչո՞ւ է այս կամ այն պաշտոնյան ազատվել։

Եւ քանի դեռ իշխանությունները լռում են, «զուլալ» են գտնվում սեփական աղբյուրները։ Ըստ այդմ՝ ասում են, որ ի սկզբանե Վարդապետյանին ասել են, որ ճամպրուկային մարդ է, դեռ ամիսներ առաջ նա նախապես հավաքել է իր սենյակի բոլոր այն պարագաները, որոնք ընդամենը դեկոր են եղել:

Նախարար Ռուստամ Բադասյանը նրան ուղիղ տեքստով ասել է, որ նրան չի համարում իր թիմից, ինչպես մյուսներին, պարզապես ժամանակ է տվել այլ աշխատանք գտնելու համար, այժմ ժամանակը սպառվել է:

Առհասարակ, Վարդապետյանը նախարարությունում այդքան էլ չի ընդունվել՝ անկախ Բադասյանի գործոնից, անգամ հասցրել է ածական անուն ձեռք բերել։

Աննան առանձնապես ընկերներ չունեցավ նախարարությունում, բավական է նշել, որ նա նաև չի ընկալվել որպես Զեյնալյանի մարդ, քանի որ արմատապես կապված է դատական դեպարտամենտի հետ, համարվել է դատական դեպարտամենտի փաստաբանը։ Այժմ էլ, լավատեղյակների պնդմամբ, դիմել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին, որպեսզի դատական համակարգում աշխատանքի անցնի, սակայն դեռ նորություն չկա։

Ի դեպ, նրան ոչ միայն փոխնախարարները համատեղ ընդմիջումներին չէին հրավիրում, այլեւ վերջին ժամանակներս անգամ ընդհանուր քննարկումների չէին կանչել` հստակ ցույց տալով, որ նախարարի տված ժամկետը սպառվում է և հնարավոր չէ երկարացնել։
Լավատեղյակները պնդում են, որ «յուրային» չլինելն է եղել Վարդապետյանի ազատման պատճառը, որեւէ կառուցվածքային փոփոխության, վերակազմավորման հարց չկա։

Please enter a valid URL