ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (որով 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված քննչական և այլ դատավարական անհրաժեշտ գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել վերջինս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:
Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:
Որոշման պատճենն ուղարկվել է քրեակատարողական հիմնարի վարչակազմին՝ դրա կատարումն ապահովելու նպատակով»: