Search
Close this search box.

«Ի՞նչ եք խոսում, պարոն Պետրոսյան, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». վիճաբանություն՝ Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև

Ազգային ժողովում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև:

Գևորգ Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել:

«Միևնույն է, մերժվելու է, բայց պիտի ասեմ՝ հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել»,- ասաց նա:

Պետրոսյանը հորդորեց կատակը մի կողմ դնել և արժեքները պահել: «Մենք նահապետական ժողովուրդ ենք, ամնենաավանդապաշտ ազգ ենք: Ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա, թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսնել»,- ասաց Պետրոսյանը:

Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:

Պետրոսյանն էլ հակադարձեց նրան.«ինչ ես խոսում չէ, ինչ եք խոսում»:

«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի այս դիտարկման հետ համաձայն չէր Գևորգ Պետրոսյանը և նշեց, որ ոչ մեկի անուն չի տվել, որ անձնավորված չէ իր ասածը:

«Այս ձևն արդեն չափ ու սահման չունի: Հիմա մեկը կանգնի ասի՝ էս օրենքին ով որ դեմ քվեարկի, իր ընտանիքում սենց- նենց է: Այս հարցը պետք է կարգավորվի, սենց չի կարող մնալ»,- ասաց նա:

Հարցով հարակից զեկուցող ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ հանձնաժողովը հարցին տվել է բացասական եզրակացություն, քանի որ օրենքներ արդեն նման արգելք սահմանում է:

Ի վերջո ԱԺ-ն չընդունեց օրենքի նախագիծը:

Please enter a valid URL