Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանն է տրամադրել իր մտքերն աշխարհաքաղաքական իրողությունների վերաբերյալ, որտեղ խոսում է ԱՄՆ գերակայության նվազման և այլ ուժային բևեռների դերի բարձրացման գործընթացի մասին՝ այդ համատեքստում Հայաստանի իշխանությանը հերթական անգամ ներկայացնելով արևմտամետ և հերթական անգամ խոսելով այդ իշխանության և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության «հակառուսական» բնույթի մասին:
Այդ «թեմատիկան» ամենևին նոր չէ, սակայն հերթական անգամ, այն էլ՝ երկրորդ նախագահի անունով շրջանառությունը խիստ հատկանշական է մեկ այլ՝ երրորդ նախագահի մասնակցությամբ դրվագի ֆոնին: Խոսքը Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման մասին է, ու հետաքրքիր է այն, որ հենց դրանից հետո է Ռոբերտ Քոչարյանը հավատարմության հերթական երդումը տալիս Ռուսաստանին: Սա իհարկե նշանակում է, որ նախորդ երդումներն այդքան էլ չեն գնահատվել կամ ընդունվել:
Այստեղ, սակայն, իրավիճակը հետաքրքիր է ավելի շատ ներքին հարաբերությունների տրամաբանության համատեքստում, երբ հերթական անգամ դրսևորվում է, որ գործնականում բավականին լուռ և կոշտ դիմակայություն է առկա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, ու դիտարկելով ներքաղաքական զարգացումները՝ հնարավոր չէ դրանց դիտարկման գոնե մոտավոր ճշգրտության հասնել, եթե անտեսվում է այդ դիմակայությունը, և երկրորդ ու երրորդ նախագահները դիտարկվում են իբրև միասնական բևեռ: Չկա այդպիսի միասնական բևեռ, և խորքային առումով Հայաստանի ներքին կյանքում նրանց միջև դիմակայությունն է ավելի կոշտ և սուր, քան առանձին-առանձին երկու այդ բևեռների հարցերը կամ պայքարը նոր իշխանության դեմ: Սա էական հանգամանք է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքին և արտաքին գործընթացների որոշակի համադրում կատարելու և հարաբերակցությունը դիտարկելու համար:
Այն, որ երկրորդ նախագահը համառորեն ներկայացնում է Ռուսաստանի շահերի պաշտպանություն, թերևս նույնիսկ միակ պաշտպանի հայտ, հուշում է, որ այդ հայտը չի արժանանում համարժեք ուշադրության: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ: Ընդ որում, այստեղ խիստ հատկանշական էր օրերս ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի երևանյան հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց իհարկե հետևում է տեղի ունեցող զարգացումներին, և առկա է նոր իշխանության հետ ամենատարբեր մակարդակներում ծանոթության գործընթաց: Իսկ Զատուլինի գնահատականը հատկանշական է երկու էական հանգամանքի առումով:
Նախորդ տարի գրեթե նույն ժամանակահատվածում Զատուլինը իր Լազարևյան ակումբում կազմակերպում էր Ռոբերտ Քոչարյանի «քաղաքական շնորհանդես», իսկ այժմ ակումբը, համենայնդեպս՝ գոնե առերևույթ, խիստ պասիվ է, Զատուլինը խոսում է իրադարձություններին չմիջամտելու, հետևելու, նոր իշխանության հետ ծանոթության գործընթացի մասին, իսկ որոշ ժամանակ առաջ էլ Արցախում էր Սերժ Սարգսյանի հետ:
1in.am