Երեկ ժամը 12.00-ի սահմաններում Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է տեղի ունենում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են, Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Գաբրիելյանը:
Նշենք` քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի գրասենյակում:
Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:
Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են: