Ինչու՞ են բոլորը վախենում օգտագործել <քաղաքական պայքար> եզրույթը: 1988թ գրեթե բոլորը ժխտում էին, որ Ղարաբաղյան շարժումը՝ քաղաքական պայքար է և բավարարվում էին <Сталин, Берия, Лигачев>, <Ленин, партия, Горбачев> վանկարկումներով:
Դա նշանակում էր, որ վանկարկողներն ի դեմս երկրորդ եռյակի կողմ էին ԽՍՀՄ-ի բարքերին, սակայն կարծում էին, որ այդ երկու եռյակները էապես տարբերվում են միմյանցից: Նրանք ցույց էին տալիս, որ հավատում են կոմունիստական կարգերին, սակայն կարծում էին, որ կան պաշտոնյաներ, որոնք վատն են, սուտ տեղեկություններ են հասցնում երկրի ղեկավարին և, ըստ այդմ նրանց պայքարը երկրի ղեկավարի դեմ չէ, քաղաքական չէ, անձնավորված է:
Թե ի՞նչ էր տալիս այդօրինակ մտածելակերպն անհասկանալի է, սակայն այն միշտ ուղորդում է մեզ: Նույնօրինակ մտածելակերպ ունեին մեր հայրենակիցները Տեր-Պետրոսյան Լևոնի, Ռոբի և անգամ Սերժի իշխանության օրոք: Բժիշկները, տաքսիստները, ուսուցիչները, ոսանողները, փաստաբանները և շատ այլ մասնագիտական խմբեր թիրախավորում էին մեկ պաշտոնյայի, հայտարարում էին ապաքաղաքական պայքարի մասին և դիմում էին օրվա իշխանավորին, որ իրենց ազատի անարժան պաշտոնյայից: Դե օրվա իշխանն էլ որոշ դեպքերում բարեհաճ էր գտնվում:
Մարդիկ գիտակցաբար չեն ցանկանում հասկանալ, որ Բլեյան Աշոտի ղեկավարը Տեր-Պետրոսյան Լևոնն էր, Մկտրչյան Լևոնինը՝ Ռոբը, Աշոտյանինը՝ Սերժը, իսկ Հարությունյան Արայիկինը՝ Փաշինյան Նիկոլը: Այսինքն, Բլեյան Աշոտը, Մկրտչյան Լևոնը, Աշոտյանը կամ Հարությունյան Արայիկը գործում են միայն իրենց ղեկավարի ցուցումով և նրանց հրաժականանի պահանջն անիմաստ է եթե դրանից հետո չի փոխվում օրվա իշխանի քաղաքական կուրսը:
Այսօր ԵՊՀ-ում դասադուլ էր: Պահանջում էին Հարությունյան Արայիկի հրաժարականը, պնդում էին, որ ապաքաղաքական պայքար է: Ինչու՞: Բա այդ դեպքում քաղաքական պայքարը ո՞րն է: Զավեշտալի է, որ ամենաբարձր քաղաքական պաշտոնը զբաղեցնողի հրաժարականի պահանջն ապաքաղաքական է որակվում: Ցավալի է, որ այսքան տարիներից հետո դեռ չենք հասկացել, թե ինչ է նշանակում քաղաքական պայքար և, որ դրա մասին բարձրաձայնելը միայն պատիվ է բերում: Ափսոս:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից