ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել դպրոցներում դասավանդվող առարկաները: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ:
«Դպրոցներում դասավանդվում է Հայ ժողովրդի պատմություն, և առանձին Հայ եկեղեցու պատմություն: Եկեք վերլուծենք իրավիճակը: Արդյո՞ք նշանակում է, որ հայ ժողովրդի պատմությունը և հայ եկեղեցու պատմությունն իրարից տարանջատ երևույթներ են: Եթե մենք այսպիսի խնդիր ենք դնում, ապա եկեք հայ ժողովրդի պատմությունից առանձնացնենք հայ ժողովրդի ստեղծած ինստիտուտների պատմությունը: Ասենք, պետականության, օրենքների, զինված ուժերի, գիտության, մշակույթի պատմության մասին էլ առանձին առարկաներով դասավանդենք: Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելով մենք ի՞նչ ենք ուզում ասել: Հայ ժողովրդի պատմություն բաղկացած է հայ եկեղեցու, գիտության, մշակույթի պատմությունից և այսպես շարունակ»,- հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նկատեց, որ Սովետական միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հանել են հայ եկեղեցու պատմությունը: Ըստ նրա՝ հիմա ժամանակն է, որ ստեղծենք միասնական պատմություն՝ առանց կտրելու չափազանց կարևոր ինստիտուտների պատմությունը:
«Այս հարցը ես քննարկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Սովետական ժամանակներից Հայ գրականություն առարկայի դասագրքում չի ներառվել եկեղեցու կողմից ստեղծված գրականությունը: Շատ արժեքավոր կտորներ չեն ներառվել երգի, երաժշտության ծրագրերում: Վերջին տարիներին փորձ է արվել դա կոմպենսացնել Հայ եկեղեցու պատմություն առարկա դասավանդելով, սակայն հիմա պետք է ստեղծենք միասնական պատմություն, որտեղ արտահայտված կլինի հայ եկեղեցու պատմությունը: Այս աշխատանքում բոլոր ինստիտուտները պետք է ներգրավվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ խնդիր ենք դրել դառնալ տեխնոլոգիական երկիր, իսկ դրա համար պետք է ճշգրիտ ձևակերպել, թե դպրոցում երեխաներին ինչ առարկաներով են ծանրաբեռնում: Ըստ նրա՝ հնարավոր չէ դրան հասնել, եթե հատուկ ուշադրություն չի դարձվում ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի վրա:
«Դա չի նշանակում, որ մեր երեխաները պետք է ժողովրդի, եկեղեցու, բանակի պատմությունը չիմանան, մեկը մյուսին չպետք է հակադրել»,-ասաց ՀՀ վարչապետը: