Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկին էլ օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: