Search
Close this search box.

Ես որ բանտում եմ եղել, Փաշինյանը իր որդուն իմ անունով է կոչել. Բլեյանը իրեն հող հատկացնելու և Փաշինյանի հետ հարաբերության մասին

Կառավարությունը խաղողի այգի հիմնելու համար ավելի քան 4 հա հողատարածք է հատկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, այլ ոչ թե Աշոտ Բլեյանին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գնել է կրթահամլիրին պատկանող հողատարածք:

Նա շեշտեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական կազմակերպություն է, և կրթահամալիրին պատկանող գույքը, այդ թվում՝ հողը, շենքերը, շինությունները պատկանում են ՀՀ կառավարությանը, նրա գույքի կոմիտեին:

«Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի քոլեջ, քոլեջն էլ ունի գինեգործության, խաղողագործության մասնագիտական ուսուցում, քոլեջին նպատակային օգտագործման համար հատկացվել է ավելի քան 4 հա տարածք, խաղողի այգի հիմնելու համար, բայց այդ հողի սեփականատերը ՀՀ կառավարությունն է, սեփականատերը չի փոխվել, և դա չի եղել Բլեյան Աշոտին հատկացում: Բլեյան Աշոտը հաջորդ տարի դառնալու է է 65 տարեկան և ամիսներ հետո կարող է կրթահամալիրի տնօրեն էլ չլինել»,- պարզաբանեց նա:

Բացի այդ, Աշոտ Բլեյանը տեղեկացրեց, որ կրթահամալիրն ունի գինու արտադրամաս և արդեն գինի է արտադրում. «Որ ասում են՝ Բլեյանի դպրոց, միանգամից պատկերացում է ստեղծվում, թե ինչ կա՝ Բլեյանին է պատկանում, սակայն այդպես չէ: Որպես սեփականություն ես հող չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»:

Հարցին՝ արդեն ձեռք բերե՞լ են տնկիներ և եթե այո, ապա ինչ միջոցներից, նա պատասխանեց, որ հատկացումը մեկ ամիս է արվել: Նա նաև տեղեկացրեց, որ ստացել են հող, որը ժամանակին եղել է խաղողի այգի, բայց քանի որ 30 տարի անտերության է մատնված եղել, կորցրել է իր որակը և բավականին մեծ աշխատանք պետք է տարվի:

«Հիմա մենք տեխնիկա ենք ձեռք բերում, մասնագետ, գյուղատնտես: Պետք է հողը վարվի, որակը լավացվի, մեծաքանակ տնկիներ ձեռք բերվեն, ոռոգման ցանց անցկացվի, որովհետև այդ հողերը չջրվող հողեր են: Այլապես կառավարությունն այդքան հեշտ չէր գնա կրթահամալիրին այդ հատկացմանը: Տեսել են, որ այդ հողը 30 տարի չի օգտագործվում և ահա կա մի աշխատասեր Աշոտ Բլեյան՝ իր կազմակերպությամբ, ասել է՝ ինչ լավ է, ուզում են թող վերցնեն պետության հողը, որակը լավացնեն, եթե կարող են, ջրեն, այգի գցեն, միևնույն է՝ դրանից պետությունը կշահի, չէ՞: Կարծեմ, վատ չի որոշել»,- նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունն անընդհատ հենց Բլեյանի կրթահամալիրին է արտոնություններ տալիս, գումարներ հատկացնում, հիմա էլ հող է հատկացնում, նա պատասխանեց, թե «այս հողի հակտացումն արտոնություն չէ, չարչարանք է»։

«Իսկ ինչո՞ւ մյուսները չեն դիմում: Նայե՛ք, թե Հայաստանում քանի պետական քոլեջ կա. նայե՛ք, թե քանի քոլեջ է այդ մասնագիտությունը (խաղողագործություն, գինեգործություն) իրականացնում և ով հող չունի, և ո՞վ է դիմել վերջին երկու տարին և չի ստացել: Հայաստանը պետք է խաղող արտադրի, մենք էլ ոչ թե պետք է գնենք ուրիշի արտադրած խաղողները, այլ քանի որ արդեն գինի ենք արտադրում, մեր աշակերտները պետք է սկզբից սովորեն, որ գինին արտադրում և ստեղծում են խաղողից: Տեսեք՝ ինչքան չարչարանքի ենք գնացել: Դա չպետք է դիտել արտոնություն, այլ պետք է դիտել որպես մի դժվար ճանապարհ, չարչարանք»,- ասաց նա:

Աշոտ Բլեյանը հավաստիացրեց, որ իր կրթահամալիրին հատկացումներ անելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաշխավորությունը չկա։ «Նիկոլ Փաշինյանն ինձնից 20 տարի փոքր է, ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ 1994-ից, երբ ես նախարար էի, իսկ նա ուսանող-լրագրող: Փաշինյանի ավագ երեխաները՝ Մարիամն ու Աշոտը մեր կրթահամալիր են ընդունվել սովորելու մոտ 15-16 տարի առաջ, երբ Փաշինյանն ամենասովորական լրագրողներից մեկն էր: Ես 2.5 տարի անցկացրել եմ բանտում, և իմ ու Փաշինյանի հարաբերությունները եղել են սովորական, ես եղել եմ կրթահամալիրի տնօրեն, նա սովորական քաղաքացի, և ցանակացել է, որ իր երեխաները սովորեն կրթահամալիրում: Ես որ բանտում եմ եղել, Փաշինյանն ունեցել է որդի և որդուն կոչել է իմ անունով՝ Աշոտ, ինչի համար միշտ պատասխանատու եմ զգում ինձ»,- պատմեց Աշոտ Բլեյանը:

Աշոտ Բլեյանը հավաստիացրեց, ոչ ինքն է ունեցել կախում վարչապետից, ոչ վարչապետն ու իր ընտանիքն իրենից: «Հիմա Շուշան Փաշինյանը սովորում է մեր կրթահամալիրի միջին դպրոցում, մանկապարտեզից մեզ մոտ է սովորել, կրտսեր Փաշինյանն էլ՝ Արփին, մեր մանկապարտեզներից մեկն է հաճախում: Լա՞վ է չէ, որ վարչապետը այն ժամանակ էլ, հիմա էլ իր կրթական ճաշակը չի փոխել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր կրթահամալիրին գումարներ հատկացնելուն, Աշոտ Բլեյանն ասաց, որ սկսած 2005 թվականից մինչև հիմա իր կրթահամալիրը պետությունից սահմանված կարգով գումար է ստացել, որովհետև պետական կազմակերպություն է: «Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը չէր կարող խանգարել ու չի խանգարել և լավ է եղել, որ կառավարությունները փոխվել են, բայց մանկավարժության նկատմամբ Բլեյանի վերաբերմունքը չի փոխվել, որովհետև մենք պետական կազմակերպություն ենք, և մեր մանկավարժությունը, որն իրականացնում ենք, կարող է գոյատևել, եթե կա պետական աջակցություն: Մեր ստացած աջակցությունն օրենքով է»,- ասաց նա:
Նյութի աղբյուր Tert.am

Please enter a valid URL