Գեղարքունիքի մարզում, երեկ՝ նոյեմբերի 2-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել. ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի՝ ժողովրդին հայտնի Արծվաքարի հատվածում՝ դեպի Գավառ տանող ճանապարհին:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն պատմել են, որ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին մարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել: Երեկվա կրակոցը, հնարավոր է, վրեժխնդրություն լինի:
Նախօրեին էլ հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրապետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա: Կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին:
Բարեբախտաբար, վարորդը չի տուժել: Փայլակ Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ վարորդի հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը՝ Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է: Ասում են՝ այս կրակոցները նույնպես հին հաշիվների հետևանք են։
Առաջին հայացքից՝ ամեն ինչ զավեշտալի է․ նոր Հայաստանում պետական մակարդակով պայքար է հայտարարվել քրեական ենթամշակույթի, բարքերի դեմ, սակայն երկրում իսկական կրիմինալ բում է, մարդիկ զենքի միջոցով խնդիրներ են լուծում՝ փակելով հին հաշիվները ու ստեղծելով նոր վենդետաների օջախներ։
Իհարկե, միշտ բացատրություններ կարելի է գտնել ու առկա վիճակը հնարավոր է պայմանավորել օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով։
Հին քրեաօլիգարխիկ համակարգը՝ իր բրգաձև կառուցվածքով, փլուզվել է, ինչը նշանակում է, որ «ակտիվացել» են դրա ներսում կոնսերվացված հին «հակամարտությունները»։ Անցյալում համակարգի ներսում հակամարտությունները լուծվում էին ընդհուպ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կամ նրանց մերձավորների մակարդակով, հիմա այս «արբիտրները» չկան ու գործի է դրվում հրազենը։
Մյուս կողմից Հայաստանի ոստիկանությունը գտնվում է ողբալիորեն անարդյունավետ ռեժիմում։ Երբ երկրում քաղաքական համակարգը հեղափոխության արդյունք է, իսկ իրավապահները գործում են անցյալի ռեժիմով ու իներցիայով, ապա նման ֆորս-մաժորային իրավիճակները դառնում են օրինաչափություն՝ հասարակության աչքերում արժեզրկելով պետությունն ու օրենքը։
Մի ժամանակ առաջ գրել էինք, որ արդեն միայն Վալերի Օսիպյանի հրաժարականը չի փրկի ոստիկանությանը, որին պետք են բարեփոխումներ։ Հիմա պնդում ենք մեր կարծիքը, մանավանդ, որ նոր Հայաստանում եղանակ ու օրակարգ է ստեղծում կրիմինալը՝ կասկածի տակ դնելով հեղափոխության արժեքները։
«Առաջին լրատվական»