Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: Այն բացառիկ էր ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ տարբեր ձևակերպումներով նախագծեր դրվել էին շրջանառության մեջ, բայց երբեք չէին ընդունվել:
Իսրայելական անգլալեզու օնլայն թերթի հոդվածագիրը նկատում է, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ երկու նախագծերի ընդունմամբ. մյուսը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրինագիծն էր: Այս ամենը տեղի էր ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժումից և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից երեք շաբաթ անց:
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարությանն ու ճշմարտությանը: Թուրքիային չպետք է թույլ տալ՝ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է «Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, ով իր «Yesh Atid» կուսակցությամբ բազմիցս բարձրացրել է Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Ես կշարունակեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իմ պայքարը»,-ընդգծել է Լապիդը: Նա այս տարվա ապրիլին խոսել էր Իսրայելի «բարոյական և պատմական պատասխանատվության» մասին՝ նշելով, որ ժամանակն է իր երկրի կառավարության համար ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դադարեցնելու Թուրքիայի ճնշումներին դիմակայելու քաղաքականությունը: