Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ի նոր բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևան քաղաքի բնակիչը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3.010 կգ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց: 2019 թ. հոկտեմբերի 20-ին վերջինս, նշված թմրամիջոցը թաքցնելով հագուստի տակ, կպչուն ժապավենով ամրացնելով որովայնի և սրունքի վրա, տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, սակայն «Մեղրի» մաքսային կետում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում բռնվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Please enter a valid URL