Factor.am-ի տեղեկություններով անցած շաբաթվա վերջին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա։ Նրանք որոշակի փաստաթղթեր են ուսումնասիրել, որոնք կապված են եղել ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման հետ։ Նշենք, որ օրեր առաջ FIP.am կայքը հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին և նշել, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերություններն են եղել ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատողները։ Մեր տեղեկություններով հենց այս հոդվածի հետքերով են իրավապահները եղել ՀՖՖ-ում։ Փորձեցինք հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանությունից․ «ԿՀԴՊԳՎ-ում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այդ նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել, այլ գործողություն չի կատարվել»,- մեզ փոխանցեցին Ոստիկանության լրատավական բաժնից։