Search
Close this search box.

Նոր տեսանյութ. ի՞նչ են արել ոստիկանին սպանած եղբայրները դեպքից րոպեներ առաջ

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել էին երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել էին։ Ոստիկանության ծառայողները հետապնդել և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել էին նրանց։ Բռնված անձինք դիմադրել էին։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։
Վերջիններս դեպքի վայրից դիմել էին փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացավ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվեցին ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեցին 2001 և 2003 թվականներին ծնված եղբայրներ։
Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվեց ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը։
Ի դեպ, նշենք, որ բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։
Բացի այդ, պարզվել է նաև, որ եղբայրները տեղի ունեցածից րոպեներ առաջ կոտրել են Ազատության պողոտայի գեղեցկության սրահներից մեկի պատուհանը, մտել ներս ու հափշտակել մազ կտրելու էլեկտրական սարքեր ու փող։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է Ազատության պողոտայում և առգրավվել։
Եղբայրները ձերբակալվել են։
Քննությունը շարունակվում է։

Please enter a valid URL