Search
Close this search box.

«Արե­ցինք սի­րո հե­ղա­փո­խու­թյուն,բայց փո­խա­րե­նը ստա­ցանք ատե­լու­թյան մթնո­լորտ». Հուսիկ Արա

«Փաստը» բանաստեղծ Հուսիկ Արայի հետ զրուցել է մշակութային կյանքի, հասարակական տրամադրությունների և խնդիրները հաղթահարելու ելքերի մասին:

Մշակույթում առկա ճգնաժամը նոր բան չէ

Մշակութային ճգնաժամը նորություն չի մեզ համար: 1988-90-ական թվականներից հետո, երբ Խորհրդային Միությունից անցում կատարեցինք անկախության, սկսվեց մշակութային ճգնաժամը: Արմատները գալիս են 90-ականների սկզբից:

Տարեցտարի անջրպետ առաջացավ հասարակության և մշակույթի միջև: Սրան նպաստեցին նաև հասարակության սոցիալական վիճակը, արտագաղթը, հացի խնդիրը:

Բնականաբար, այդ ամենի հետևանքով այդքան էլ չէին հետաքրքրվում մշակույթով, կինո կամ թատրոն գնում, քանի որ մարդն օրվա հացի խնդիր ուներ: Գնալով այդ ճգնաժամն ավելի է խորանում:

Որքան էլ Խորհրդային Միությունը բռնապետություն էր, որի նկատմամբ ունեմ խոր ընդգծված հակակրանք, այնուամենայնիվ, Հայաստանը, հատկապես Երևանը, մշակույթով էր տրոփում:

Հիմա միտում կա, որ հեղափոխությունից հետո ճգնաժամն ավելի է խորացել:

Այս մասին ենթադրել է տալիս մշակույթի նախարարության օպտիմալացումը, հիմա էլ քննարկվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման ոչ պարտադիր լինելու և բուհերի նախընտրությանը թողնելու հարցը:

Անհրաժեշտ է պետական հայեցակարգ
Մշակութային ճգնաժամը հաղթահարելու լուծումը նորմալ պետություն, պետականություն, սոցիալապես ապահով հասարակություն ունենալն է, հասարակություն, որը ոչ թե ամբոխ կլինի, այլ կդավանի բարձր արժեքներ:

Մեզ անհրաժեշտ է արժեհամակարգ ունեցող հասարակություն, որն այսօր չունենք: Շատ փոքր զանգված է: Ամբոխին հասարակությունից տարբերել է պետք, նրան պետք է բարձրացնել այդ հասարակության աստիճանին:

Կան պետականորեն սահմանված մրցանակներ մշակույթի ոլորտում, բայց դա շատ քիչ է: Պետական հայեցակարգ, մոտեցում է պետք: Մինչ օրս հարցերին նայում ենք Խորհրդային Միության հայացքով, իսկ այն վաղուց փլուզվել է:

Այն ժամանակ նույն նախարարությունը կատարում էր իր առաքելությունը: Այսօր, օրինակ՝ կան Խորհրդային Միությունից մնացած ստեղծագործական միություններ:

Չեմ ասում՝ դրանք վերացնեն, այլ պետք է նոր ժամանակի մեջ ինտեգրել, դարձնել ժամանակի պահանջին համապատասխան:

Շատ խնդիրներ կան լուծելու: Եթե անցյալ տարի ՀՀԿ-ից քայլ ենք կատարել առաջ՝ մերժելով քաղաքական այդ էլիտան, մշակույթի հարցում ևս պետք է քայլ կատարենք. մշակութային հայացքով, ըմբռնումներով, մոտեցումներով դեռևս ԽՍՀՄ-ի մեջ ենք:

Թեման բավական ծավալուն է: Արհամարհական վերաբերմունքը մշակույթի նկատմամբ 1991 թվականից է գալիս: Հիմա անընդհատ ասում են՝ 1998-ից է սկսվել:

Ոչ, դրանից առաջ հիմքը դրվեց: Կարող եմ փաստերով ասել, թե որ կառավարությունն ինչպես էր վարվում մշակույթի հետ:

Հասարակության մեջ առկա ատելության մթնոլորտի մասին

1988-ից սկսած Օպերայի բակում եմ եղել, բոլոր հավաքներին մասնակցել: Անցյալ տարի ապրիլին էլ եմ եղել հրապարակում, մասնակցել երթերին: Հիշո՞ւմ եք ընտրված կարգախոսը՝ սիրո հեղափոխություն:

Արեցինք սիրո հեղափոխություն, բայց փոխարենը ստացանք ատելության մթնոլորտ:

Դա աբսուրդ է: Այսօր հատկապես համացանցը լցված է հայհոյանքներով, ատելությամբ ու բռնությամբ: Որքան էլ այսօր համակրեմ իշխանությանը, ցավոք, դա գալիս է իրենցից.

սևեր և սպիտակներ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ, և այդպես սկսեց խորանալ, հասարակությունը երկու բևեռի բաժանվեց:
Մինչդեռ սիրո, համերաշխության, հանդուրժողականության հեղափոխություն էինք արել: Կարգախոսները հնչեցին, բայց դրանցից այն կողմ չանցան, փոխարենը, շատ ցավոք, հակառակ արդյունք ունեցանք:

Իրենք՝ սիրո հեղափոխության ալիքի վրա իշխանության եկածները, պետք է կարողանային կաթիլ- կաթիլ սերմանել, ավելի շոշափելի դարձնել այդ սերը և ոչ թե գնալ ճիշտ հակառակ ուղղությամբ: Սա հետհեղափոխական Հայաստանի մեծագույն բացթողումներից է:

Սա չէինք ակնկալում սիրո հեղափոխությունից

Հասարակության այս բևեռացումը որևէ լավ տեղ չի տանելու: Կա բևեռացում, իրար նկատմամբ ատելություն, հայհոյանք:

Չես ուզում համացանց մտնել, մի բառ գրել, մի բան ասել, թեկուզ շատ անմեղ, շատ սրտացավ, անմիջապես մի բանակ է հարձակվում վրադ՝ ֆեյքեր և ոչ միայն: Այ մարդ, ի՞նչ եք ուզում:

Տեսեք՝ ասում ենք հիմա ավելի ժողովրդավարական երկիր ենք: Ոչ: Այն ժամանակ ավելի համարձակ էինք խոսում, քան հիմա:

Այն ժամանակ չէինք վախենում իշխող կարգերից, որոնք, իմ բնորոշմամբ, այո՛, սևեր էին, բայց համարձակ էինք խոսում, իսկ հիմա վախենում ենք հասարակությունից: Աբսուրդ վիճակ է:

Այն ժամանակ ձայնի իրավունք ունեինք, խոսում էինք, հիմա ավելի իրավունք ունենք, բայց չենք խոսում՝ ավելորդ գլխացավանքից, կռվից, վեճից, թշնամանքից խուսափելու համար:

Իմ սպասելիքն այս չէր սիրո հեղափոխությունից, որը պետք է մեզ տաներ դեպի սեր ու համերաշխություն: Ճիշտ հակառակ գործընթացը տեղի ունեցավ: Եթե այսպես շարունակվի, շատ ցավալի է:

Չգիտեմ՝ մի օր կանգ կառնե՞ն, թե՞ պետք է այսպես անընդհատ գնա: Սա արձանագրում եմ՝ լինելով այս հեղափոխության համակիրը:

Իսկ ելք կա՞

Առաջին հերթին ամեն մեկս մեր ներսից պետք է փոխվենք: Այդ օրերին գրեցի «Թավշյա հեղափոխության բանաստեղծությունների» շարք: «Ներս» բանաստեղծությունը սկսվում է Հովհաննես Թումանյանի մտքերից մեկով՝ «Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Հարյուր հեղափոխություն էլ լինի, հազար Նիկոլ էլ գա՝ ամպոտ ոտքերով, եթե ներսից չենք փոխվում, որևէ արդյունքի չենք հասնի:

Այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հրապարակ դուրս եկած հասարակությանը նայում էիր, լույսի պես շողում էին:

Հաջորդ օրը դարձան ատելություն քարոզողներ, ատելություն կրողներ:

Աննորմալ վիճակ է, մի բան այն չէ: Մտավորականը պետք է ճիշտը խոսի, չլինի դիմություն կամ ընդդիմություն:

Հասարակական տրամադրությունների փոփոխմանը մտավորականները ևս իրենց խոսքով պետք է նպաստեն, բայց ժողովուրդն ասում է՝ ձուկը գլխից է նեխում:
Վերևից պետք է գա: Վերևից չպետք է ասեին սևեր ու սպիտակներ, ասեին՝ մեր հասարակությունն է, մեր ժողովուրդը:

Բնականաբար, պետք է դեմ խոսողներ էլ լինեն, ինչպես կարող են բոլորը 100 տոկոսով պաշտպանել որևէ իշխանության: Դա ողբերգություն կլինի:

«Քաղաքացիական պայմանագիրը», վարչապետը 70 տոկոս քվե է ստացել:

Դա էլ է, իհարկե, չափազանց, բայց ասում ես՝ էյֆորիայի մեջ էին:

Այս պարագայում, երբ մի խումբ մարդիկ դեմ են խոսում, նրանց իրավունքներն էլ հարգեք, նրանց վերևից անընդհատ մի դրեք հարվածի տակ:

Սա կառավարության երկրորդ բացթողումն է: Իրենք պետք է հանդուրժողականություն սերմանեն: Ոչ թե կառավարությունն ասի՝ Հանրապետականը ֆեյքեր ունի, Հանրապետականն ասի՝ ՔՊ-ն ֆեյքեր ունի: Է, հետո՞:

Եթե այսօր իշխանություններին ուղղված քննադատական խոսք եմ ասում, չի նշանակում, որ չեմ սիրում նրանց:

Հակառակը՝ սիրում եմ, փորձում այնպես անել, որ սխալները շտկվեն: Մենք ճանապարհ ենք դուրս եկել, ուզում ենք տեղ հասնել, իսկ այսպես դժվարությամբ տեղ կհասնենք:

Այս ամենով հանդերձ, վստահ եմ՝ հների վերադարձ չի կարող լինել, բայց եկեք մարդավարի առաջ գնանք:

 

Սկզբնաղբյուրը՝ past.am

Please enter a valid URL