Ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողով հոկտեմբերի 17-ին ժամը 14.00-ին կկանչվի Հայաստանի վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը։ Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 17-ին ասաց հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Կարապետյանը ապրիլյան թեժացման շրջանում զբաղեցրել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնը, հետո դարձել Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո նշանակվել է նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
Արշակ Կարապետյանը պաշտոնից հանվել է 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից գրեթե անմիջապես հետո։ Բացի Կարապետյանից, այն ժամանակ իրենց պաշտոններից զրկվեցին պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, կապի զորքերի հրամանատար Կոմիտաս Մուրադյանը եւ աստիճանով ցածր այլ պաշտոնատար անձինք։