Search
Close this search box.

Հրայր Թովմասյանն այսօր արձակուրդ է գնացել

Այսօր առավոտյան ժամը 11-ից մեկնարկել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը, որը դեռևս ընթանում է: Նիստին չեն մասնակցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավոր Վահե Գրիգորյանը: Այս մասին լրագրողներին ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր պետք է որոշի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ դիմումն ընդունում է վարույթ, թե ոչ:

«Մենք օրակարգում ուրիշ հարցեր էլ ունենք, դա միակ հարցը չէ: Մյուս հարցերի քննարկումն ըստ էության ավարտել ենք, ընդմիջումից հետո կանցնենք այդ հարցի քննարկմանը»,- ասաց նա:

Գյուլումյանը նշեց, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստին, թե ինչու, պատճառը չգիտի: Ըստ Գյուլումյանի՝ Վահե Գրիգորյանը, ինչպես մյուս դատավորները, պատշաճ ծանուցված է եղել նիստի մասին: «Հավանաբար ելնելով նախորդ գործերից՝ ինքն ուղղակի ցանկություն չունի մասնակցել առայժմ»,- նշեց նա:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանի խոսքով, այս հարցով ՍԴ անդամների հետ որևէ քննարկում չի ունեցել: Թովմասյանն այսօր արձակուրդ է գնացել:

«Օրենքը չէր արգելում նրա մասնակցությունը, բայց նա գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով այսօր ու վաղը արձակուրդում կլինի»,- ասաց Գյուլումյանը:

Please enter a valid URL