Search
Close this search box.

Մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպից. ևս մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Բացի այդ, նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանցից մեկը՝ Վանաձոր քաղաքի՝ 1973 թվականին ծնված բնակիչը,սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկը, ով Վանաձոր քաղաքի 1973թ. ծնված բնակչի քրոջ որդին է, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1980թ.: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL