Ֆրանսիան որոշել է դադարեցնել սպառազինությունների արտահանումը Թուրքիա, քանի որ դրանք կարող են կիրառվել Սիրիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի եւ ԶՈՒ նախարարությունների համատեղ հայտարարությանը։
Այնտեղ նշվում է, որ որոշումն «անհապաղ ուժի մեջ կմտնի»։
«Եվրոպական միության ԱԳՆ երկրների ղեկավարների հանդիպումը, որը կանցկացվի հոկտեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգում, հնարավորություն կտա համակարգել տվյալ հարցի առնչությամբ եվրոպական ընդհանուր մոտեցումը»,- նշել են հաստատություններում։
Դրանք ընդգծել են, որ Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի գործողությունը։ Պաշտոնական Փարիզի կարծիքով, ռազմական այս գործողությունը «հարվածի տակ է դնում» այն հաջողությունները, «ինչին միջազգային կոալիցիան հասել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում», ինչպես նաեւ հանգեցնում է «ծանր հետեւանքների հումանիտար ոլորտում, վնաս է հասցնում եվրոպական անվտանգությանը»։
«Ֆրանսիան պահանջում է անհապաղ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի երկրների ներկայացուցիչների նիստ գումարել, որպեսզի քննարկվի, թե ինչ կերպ պետք է շարունակվեն կոալիցիայի ջանքերը ներկա պայմաններում»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետ կապված՝ ԳԴՀ-ն ևս դադարեցրել է զենքի արտահանումը Անկարա։ Այս մասին Bild am Sonntag-ին տված հարցազրույցում հայտնել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը, տեղեկացնում է DW-ը։
«Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական հարձակումները՝ ԳԴՀ կառավարությունն այլեւս չի տա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն, որը Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում»,- ընդգծել է արտգործնախարարը։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենքի խոշորագույն ներկրող է Գերմանիայից։