Search
Close this search box.

«Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին. իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը

Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի («Ալավերդցի Վահագ») և Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը հոկտեմբերի 11-ին անցավ բավականին լարված մթնոլորտում։

Նիստի սկսվելուն պես դատարանը որոշեց ապացույցների հետազոտումը թողնել կիսատ և, փոխելով ապացույցների հետազոտման իր իսկ կողմից նախապես հաստատված կարգը, հարցաքննել վկա Արթուր Մնացականյանին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, սակայն, առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ առանց ապացույցներն ուսումնասիրելու վկային հարցաքննել չեն կարող, քանի որ տրվելիք հարցերի գերակշիռ մասը վերաբերելու են դեռ չհետազոտված ապացույցներին։ Դատարանը մի պահ տատանվեց, թե արդյոք ինքն արդեն փոխել է ապացույցների հետազոտման կարգը, թե նոր է այդ հարցը քննարկում, ու հայտարարեց, թե դեռ փոփոխություն չի իրականացրել, ինչին այս անգամ առարկեց պաշտպանության կողմը պնդելով, որ դատական նիստի սկզբից դատարանն իրոք արդեն այդ կարգը փոխելու որոշում է հրապարակել։

«Այնպիսի իրավիճակ եք ստեղծում, որ կողմը հնարավորություն չունենա հարցեր ուղղելու վկային: Մեզ առնվազն 2 դատական նիստ է հարկավոր վկային հարցեր տալու համար, մինչդեռ դուք պատճառաբանում եք, որ նա մի քանի օրով է Հայաստանում, իսկ հաջորդ դատական նիստն էլ նշանակված է հոկտեմբերի 23-ին: Հետևաբար գործով բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չի կարող ընթանալ: Դուք ինչպե՞ս եք ապահովելու մեր իրավունքը վկային հարցեր ուղղելու: Առաջարկում ենք, որ այսօր ավարտին հասցնեք ապացույցների հետազոտումը, իսկ հաջորդ դատական նիստին արդեն անցկացնեք վկայի հարցաքննությունը»,- դատարանին դիմեց տուժողի իրավահաջորդը:

Դատավորն իր որոշումը, այնուամենայնիվ, չփոխեց, որից հետո դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանից բավարար ժամանակ խնդրեցին, նշելով, որ այդ միջնորդությունը կարող են ներկայացնել հաջորդ նիստին։ Դատարանը, սակայն, նախապատրաստվելու համար տրամադրեց 50 րոպե ժամանակ։

Նիստը հետաձգվեց ու տուժողի ներկայացուցիչները, նիստերի դահլիճում, լրագրողներիս ներկայությամբ սկսեցին նախապատրաստել միջնորդությունը։ Նրանք դիմում հանձնեցին դատարանի աշխատակազմ պահանջելով դատական նիստերի ձայնագրման կրիչները, որոնք այդպես էլ այդ օրը չտրամադրվեցին։ Ինչևէ, ընդմիջումիջ հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը ընթերցեց իրենց տրամադրված ժամանակահատվածում իրենց կողմից նախապատրաստված միջնորդության մի մասը, որն անավարտ էր։ Ապա դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու, ժամանակ չտրամադրելու, միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելու հիմնավորմամբ Ե.Վարոսյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Պաշտպանական կողմն ու դատախազը առարկեցին, իսկ դատարանը 25 րոպեով հեռացավ խորհրդակցական սենյակ, ու վերադառնալով հայտարարեց միջնորդությունը մերժելու մասին, հավելելով, թե որոշումը դեռ պատրաստ չէ, կտրամադրվի հետագայում։

Այնուհետեւ տուժող կողմը փորձեց կրիին միջնորդություն ներկայացնել, սակայն, դատավորը նրանց անընդհատ թույլ չէր տալիս, պահանջում էր նստել ու առաջարկում էր վկային հրավիրել դահլիճ։

Ավելի քան 6 ժամ տեւած նիստի ընթացքում կրքերն այդպես էլ չհանդարտվեցին: Ամբաստանյալ Վահագն Աբգարյանին «պաշտպանողներից» իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, ով նստած էր դահլիճում, մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ արեց սպանված Կամո Փիրուզյանի կնոջ՝ Հռիփսիմե Քոչինյանի հասցեին, նրա կողմից հնչեցին նաև սպառնալիքներ։ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ Կամո Փիրուզյանը բռնաբարության համար դատվածություն է ունեցել, ինչից հետո սպանվածի կինն այլես չկարողացավ իրեն տիրապետել։ Հատկանշական է, որ դատարանը որեւէ գնահատական չտվեց տեղի ունեցածին, միայն հրահանգեց Հռիփսիմե Քոչինյանին հեռացնել դահլիճից, ապա ինքը լուռ հեռացավ դահլիճից:

Ու չնայած, որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր, դատարանը որոշեց շարունակել դատավարությունը և հարցաքննել վկային։ Տուժող կողմն առարկեց՝ նշելով, որ աշխատանքային ժամից հետո դատական նիստը չպետք է շարունակվի, բացի այդ այս նույն գործով դատական նիստի ժամանակ իրենց վիրավորելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առերեսման են հրավիրված, որը նշանակված էր նշված ժամին, հետեւաբար խնդրեցին դատարանից նիստն այդ հիմքով հետաձգել: Դատարանը չհամաձայնվեց, որից հետո Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դուրս եկան դահլիճից: Դատական նիստի շարունակելուն համաձայն չէր նաև մեղադրող դատախազը, սակայն դատարանն այնուամենայնիվ նիստը շարունակեց։

Վկա Արթուր Մնացականյանը դատարանում պատմեց, որ նախաքննության ժամանակ իր տված բոլոր ցուցմունքները սուտ են եղել, իրեն հոգեբանական ճնշման են ենթարկել Քննչական կոմիտեի ու Հատուկ քննչական ծառայության քննիչները: Որից հետո սկսվեց վկայի նախաքննական ցուցմունքների հրապարակումը։ Այդ ցուցմունքներում նա մանրամասն պատմում էր, թե ինչպես է Վահագն Աբգարյանը կազմակերպել Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես է ինքը Վահագն Աբգարյանի հանձնարարությամբ Վլադիմիր Դավթյանին տարել անտառ հրաձգության, սովորեցրել կրակել, ապա նկարագրված էր սպանության նախապատրաստության ամբողջ ընթացքը բոլոր դետալներով: Այդ վկայի նախաքննական ցուցմունքներն այնքան բազմաքանակ էին, որ դատարանը ստիպված էր դրանց հրապարակումը կիսատ թողնելով, ժամը 21.00-ին նիստը հետաձգել։

Հատկանշական է, որ դատավորը փորձում էր հարմարվել վկային, ու նախապես նշանակված հոկտեմբերի 23-ի նիստը տեղափոխել հոկտեմբերի 18-ին, սակայն դատախազի զբաղվածության պատճառով հաջորդ նիստի օրը մնաց անփոփոխ։

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով:

Please enter a valid URL