Search
Close this search box.

Իշխանության մեջ ծանոթ ունենալը զրո նշանակություն ունի. Նիկոլ Փաշինյան

Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում մեկնարկած է, պետք է այն շարունակել: Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզում տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հեղափոխությունը, ինչպես ամեն ինչ, նախ տեղի է ունենում մարդկանց գլխում:

Փաշինյանի խոսքերով, տնտեսական հեղափոխության գաղափարաբանությունը կրող մարդիկ այսօր կան ու եղել են դեռ հեղափոխությունից շատ առաջ. «Հեղափոխությունը չի ստեղծել այդ գաղափարաբանությունը կրող մարդկանց, այդ մարդիկ են ստեղծել հեղափոխությունը, ինչն ամենակարևոր արձանագրումն է»:

Վարչապետը հիշեցրեց, որ դեռ 2017 թվականին մի հոդված է գրել՝ «Հայաստանը՝ տնտեսական թռիչքի շեմին» վերնագրով. «Երբ ես շփվում էի մարդկանց հետ, տեսնում էի, որ Հայաստանում նոր մտածողությամբ նոր սերնդի գործարարների մի հսկա շերտ է ձևավորվել: Իմ կարծիքով, այս հեղափոխությունը ծնվեց հենց այն անհրաժեշտությունից, որ հին տնտեսական հարաբերություններն այլևս գոյություն ունենալ չեն կարող: Այսօր տաղանդի մրցակցությունը տնտեսական թիվ մեկ գործոնն է: Թե ինչ կապ, հարաբերություն, բարեկամ ու ծանոթ ունես իշխանության մեջ, ունի զրո նշանակություն քո գործարար հաջողության ու անհաջողության համար: Այսօր տնտեսական մրցակցության թիվ մեկ գործոնն ինտելեկտը, տաղանդն ու ազնվությունն են, ինչպես նաև առաքելության գիտակցումը: Եթե գրողը ստեղծում է շատ տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որևէ գործարար ստեղծում է տաղանդավոր բրենդ, արտադրանք, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը՝ դեպի լավը:

Եկեք փոխենք նախ մեզ, մեր միջավայրը, մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր համընդհանուր երազանքների երկիրը: Այն մի քաղաքական թիմի կամ անհատի երազանքների երկիրը չէ լինելու: Այն լինելու է մեր ազգային երազանքների երկիրը: Տնտեսական հեղափոխությունն այդ երազանքների իրականացման մասին է: Այդ երազանքներն իրականացնելու համար պետք է ունենանք հզոր պետություն, որն ունենալու համար պետք է ունենանք հզոր տնտեսություն»:

Please enter a valid URL