«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ մաքսայինի պետի պաշտոնից մազապուրծ հեռացված սանիկը ցանկանում է նոր վարչապետի պաշտոնում տեսնել հենց Արթուր Վանեցյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում «Վանեցյան՝ վարչապետ» խորագրով լինկեր է տեղադրում, լուսանկարներ։
Ուշագրավ է, որ երբ Արթուր Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ պետ՝ ծայրահեղ կաշառակերի համբավ ունեցող Զավեն Հակոբյանը օպեր-տեսուչից նշանակվեց Արարատյան գերեկամտաբեր մաքսատան ղեկավար։ Վերջինս կաշառքի օրինական լինելու քոչարյանական դարաշրջանում Արաբկիրի գանձումների բաժնի պետն էր՝ Ֆելիքս Ցոլակյանի աշխատած ժամանակ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Զավեն Հակոբյանը, երբեմնի «հզոր» քավորի գործոնով պայմանավորված, Արարատյան մաքսատան ղեկավարի պաշտոնում մեկ տարուց պակաս աշխատած ժամանակահատվածում հասցրել է այնքան փող աշխատել, որով հնարավոր կլինի ապահովել անգամ ծոռների բարեկեցությունը։
Հետաքրքիր է, իր կոռուպցիոներ սանիկին Արթուր Վանեցյանը երբևէ ասե՞լ է՝ կանգ առ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: