Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը անցնում է լարված մթնոլորտում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել է նիստի ընթացքում հակահայկական քարոզչություն իրականացնել, թշնամանքով խոսելով հայ պատմական գործիչներից մեկի՝ Գարեգին Նժդեհի մասին.«Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իլհամ Ալիևի ելույթում պատմությունը խեղաթյուրելու փորձեր կան:
«Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ, 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։
«Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այս ամենը որպես փաստ ընդունենք։ Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»,-հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ կրկնապատկվել Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։
«Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին։ Եվ կարծում եմ, որ նաև այսպիսի գագաթաժողովներում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդների, մեր երկրների միջև լարվածությունը ոչ թե աճի, այլ, հակառակը, մենք կարողանանք գտնել երկխոսության, փոխադարձ զիջման, փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի ուղիներ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի ղեկավարությանը հաջող նախագահության համար և հույս հայտնեց, որ ԱՊՀ շրջանակում բազմակողմանի համագործակցության կատարելագործմանն ու ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը շարունակական կլինեն: