Search
Close this search box.

Սասուն Միքայելյան, բա ձեն-ձուն չե՞ս հանում

Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Livenews.am-ին տված հարցազրույցում օրերս հայտարարությամբ հանդես եկավ և Նիկոլ Փաշինյանին ու Սասնա Ծռերին անվանեց ահաբեկիչներ:
Վիտալի Բալասանյանի բառերին միացան և նրան իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀԿ և ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ: Որոշներն էլ սուր քննադատության ենթարկեցին Վիտալի Բալասանյանին, ընդհուպ ասելով, որ նա արտահայտում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետը:

Այս համատեքստում անհասկանալի է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի լռությունը, ով օրինակ՝ բոլորովին վերջերս կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի կողմից Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած այն արտահայտությանը, թե Վանեցյանի ուսադիրները աղբաման նետվեցին: Սասուն Միքայելյանը միանգամից ասաց, որ ոչ ոք իրավունք չունի նման արտահայտություն անել, և որ Վանեցյանն իր ընկերն է:
Սասուն Միքայելյանն առանց հապաղելու նաև ներողություն խնդրեց ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանից, ում հասցեին Սասուն Միքայելյանի կուսակիցն անհաջող արտահայտություն էր արել:

Հիմա, երբ Վիտալի Բալասանյանն այսքան կոշտ է խոսել, և նույնիսկ արցախցի հրամանատարներ են արձագանքել, Սասուն Միքայելյանի կողմից ոչ մի մեկնաբանություն ու հայտարարություն չկա՝հավանաբար այն պատճառով, որ Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին այլևս իրեն ընկեր չի համարում և որպես ազատամարտիկ, Բալասանյանի փոխարեն ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի տեսնում:
Ամեն դեպքում, Սասուն Միքայելյանի այս լռությունն աննկատ չի անցնում: Եվ տրամաբանական հարց է ծագում՝ Սասուն Միքայելյան, բա ձեն-ձուն չե՞ս հանում:

ArmLife.am

Please enter a valid URL