Համացանցում շարունակվում են հրապարակվել և տարածվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և տեսանյութեր: «Դինգո Թիմ» ՀԿ էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ. մեքենան շանը քարշ է տալիս ետևից: «Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում քաղաքացին ականատես է եղել, թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել: Շանը բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Քաղաքացին չկարողանալով պարանն ինքնուրույն հանել, քանի որ շունն իրեն ագրեսիվ է պահել, ահազանգել է 911, որոնց հատուկ գործիքով բռնել են շանը, քնեցրել, պարանը հանել, հետո՝ բաց թողել: Մենք չգիտենք, թե հիմա շունը որտեղ է: Ոճրագործի մեքենայի պետհամարանիշը՝ 35un093, մակնիշը՝ opel»,- գրել է «Դինգո Թիմ»-ը:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ «35un093» պետհամարանիշի մեքենան գրանցված է քաղաքացի Իշխան Գառնիկի Պետրոսյանի անվամբ: Վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի, Գետաշեն համայնքի բնակիչ: 26-ամյա Իշխան Պետրոսյանի բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է նաև ստորև ցուցադրվող լուսանկարը, որտեղ կենդանու վրա առկա են արյան հետքեր:
Հիշեցնենք, որ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը: Առաջարկվող նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: