Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը:
Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով: Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:
Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է:
Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։