Search
Close this search box.

Քանի՞ ծառայողական մեքենա պետք է ունենա Հայաստանը և քանի՞սն ունի

Ծառայողական մեքենաների խնդիրը Հայաստանում միշտ էլ ցավոտ է եղել։ Թվում էր, թե իշխանափոխությունից հետո այդ խնդիրը, ի վերջո, կլուծվի։ Հատկապես որ՝ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ վերաբերմունք էր դրսևորում ծառայողական մեքենաների առատության հարցում։ Հայաստանի նման փոքր երկրի համար նա իրավացիորեն մեծ շռայլություն էր համարում պետական բյուջեի վրա նման ծանրություն դնելը։

Ենթադրվում էր, որ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը ծառայողական մեքենաների հարցում նույնքան սկզբունքային կլինի, որքան պատգամավոր եղած ժամանակ, երբ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էր իր պատկերացումները ծառայողական մեքենաների դերի ու նշանակության վերաբերյալ։

«Զարմանալի պետություն ենք ընդհանրապես։ Մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն։ Մինդեռ իրա գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապահովելն է։ Էդ մարդու աշխատանքն ավտոբուսի մեջ, երթուղայինի մեջ ա։ Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն է, «Տոյատա Քեմրի» ենք տալի, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի։ Իրա գործը էդ ավտոբուսների մեջ ա, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ո՞նց են գնում-գալիս»,- 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դժգոհելով, թե ինչպես կարելի է Հայաստանում այդքան ծառայողական մեքենա պահել։

«Հայաստանի Հանրապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի` հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- ասում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Թե իշխանափոխության երրորդ տարում քանի՞ ծառայողական մեքենա է պատրաստվում պահել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ արժե նրան հիշեցնել նաև Դանիայի հայտնի օրինակը, որը նա պատգամավոր եղած ժամանակ սիրում էր կրկնել` 5,6 մլն բնակչություն և 120 միլիարդանոց բյուջե ունեցող Դանիայի պետական համակարգում կա ընդամենը 23 ծառայողական մեքենա.

«Նախորդ շաբաթ հարցում ուղարկեցի Դանիայի խորհրդարան, փորձեցի պաշտոնապես պարզել` խորհրդարանում քանի՞ մեքենա կա։ Մի պարտաճանաչ պաշտոնյա` Ռիկե Տուբորկը, պատասխան ուղարկեց, որ ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը։ Նամակը կարդալիս աչքերիս չհավատացի, ասում եմ՝ այ հարգելիս, մի հատ սթափվեք, լրջացեք, էս ձե՞ռ եք առնում, ո՞նց թե ցելի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խոսնակը։ Պարոն Ռիկե Տուբորկը մնաց անհողդողդ իր դիրքերի վրա և մինչև վերջ պնդեց, որ՝ այո, Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը»։

Այս հայտարարությունը ևս Նիկոլ Փաշինյանն արել է 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ Գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանի խորհրդարանի ղեկավարումն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը։ Եվ քանի՞ ծառայողական մեքենա ունի Ազգային ժողովը կամ քանի՞սն է պատրաստվում ունենալ հաջորդ տարի։

2020թ. բյուջեի նախագծով Ազգային ժողովը կունենա 66 ծառայողական մեքենա։ Այսինքն` գրեթե երեք անգամ ավելի շատ, քան ամբողջ Դանիայի պետական համակարգը։ Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը հաջորդ տարի կկրճատվի, բայց ընդամենը 1-ով։

Հիմա արդեն նախկիները չեն, հիմա այլևս Նիկոլ Փաշինյանն է իշխանության, բայց ծառայողական մեքենաների պակաս Հայաստանում դարձյալ չկա։ Ճիշտ է, դրանց թիվը որոշ չափով կրճատվել է, բայց դեռ ինչքան պիտի կրճատվի, որպեսզի հասնի Նիկոլ Փաշինյանի ասած 30-35-ին։

Ի դեպ, ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը Հայաստանում ավելի վաղ էր սկսվել։ Մինչև իշխանափոխությունն էլ ծառայողական մեքենաների ինտենսիվ կրճատում էր գնում։ Նույնիսկ ավելի ինտեսիվ, քան իշխանափոխությունից հետո։

Այդ գործընթացը մեկնարկեց դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարության շրջանում։ Հաշվի առնելով հասարակության շրջանում առկա դժգոհությունները` որոշակի քայլեր իրականացվեցին պետական կառավարման համակարգում հաշվառված տրանսպորտային միջոցների կրճատման ուղղությամբ։ Դուրս գրվեց ավելի քան 1000 միավոր ավտոմենենա։

Իհարկե, այդ տրանսպորտային միջոցների մեծ մասը կապ չունեին պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների հետ, բայց կային նաև այդպիսիք։ 2016-2017թթ. ընթացքում կրճատվեց պետական բյուջեի հաշվին սնվող 197 ծառայողական մեքենա, մեծ մասը` 2017թ.։

Այնպես չէ, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես մոռացավ ծառայողական մեքենաների թեման։ Իշխանության գալուց հաշված օրեր հետո նա անդրադարձավ այդ խնդրին` հայտարարելով, որ ծառայողական մեքենաները «պետք է գույքագրել և լուրջ կրճատումներ անել»։

Վարչապետի հայտարարությունից անցել է գրեթե մեկուկես տարի։ Այդ ընթացքում կառավարությունը երկրորդ բյուջեն է ներկայացրել։ Ու չնայած այդ փաստաթղթով նախատեսվում է ծառայողական մեքենաների որոշ կրճատում, այնուհանդերձ անգամ այդ դեպքում դրանց թիվը պակաս փոքր չի լինի, ինչպես նախկինում էր։

Իշխանափոխության առաջին տարում կառավարությունն առաջարկեց ծառայողական մեքենաները կրճատել 68-ով և թողնել 834-ը։ Տարվա ընթացքում դրանց թիվը դարձյալ ավելացավ, և ինչպես ներկայացված է 2020թ. պետական բյուջեի նախագծում, հասել է 867-ի։

Հաջորդ տարի ևս կառավարությունը նախատեսում է կրճատել ծառայողական մեքենաները։ Կրճատումներ կլինեն մի շարք պետական կառավարման մարմիններում և հատկապես միաձուլված նախարարություններում։ Բայց կլինեն նաև այնպիսիք, որոնք համալրում կունենան։ Դրանից մեկն էլ կլինի Քննչական կոմիտեն, որի ծառայողական մեքենաների թիվը կավելանա 12-ով` հասնելով 91-ի։ Այն ամենաշատ ծառայողական մեքենա ունեցող կառույցն է, որը սնվում է պետական բյուջեի հաշվին։

2020թ. կառավարությունը պատրաստվում է թողնել 714 ծառայողական մեքենա։ Բայց դրանում, ներառված չեն, ինչպես կասեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «ախրանայի», Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԴԱՀԿ-ի, հարկային ծառայության, Կենտրոնական բանկի, քաղաքապետարանի, գյուղապետարանների ավտոմեքենաները:

Ու եթե այդ բոլորը գումարենք, ապա կստացվի մեքենաների ահռելի մեծ թիվ, որը սպասարկում է պետական կառավարման համակարգին։ Այն համակարգին, որի ծառայողական մեքենաների թվի առատությունը ժամանակին այդքան զարմացնում ու զայրացնում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։

Բայց այսօր, երբ նա փաստացի ստանձնել է քաղաքական իշխանության ղեկավարումը, հավանաբար մոռացել է, թե ինչ էր ասում ժամանակին: Ստիպված ենք հիշեցնել. «Հայաստանի Հանրապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի` հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»։

168.am

Please enter a valid URL