Search
Close this search box.

Ինչ են խոսել Պուտինն ու Բելլա Քոչարյանը. դժվար է հրաժարվել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Երեւանում ՌԴ նախագահը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին: «Այո», պատասխանել է Պեսկովը դրա վերաբերյալ հարցին: Ավելի վաղ հանդիպման փաստը հաստատել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, թեեւ այլ մանրամասներ չէր հայտնել, այդ թվում եւ այն, թե արդյո՞ք հանդիպումը եղել է նախապես պլանավորված:

Ըստ հայկական մամուլի, հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ դեսպանատանը, գիշերը ժամը 10-ին: Պուտինն, ըստ այդ տեղեկության, դեսպանատուն է գնացել Դվին հյուրանոցի սրահում ԵՏՄ ղեկավարների պատվին տված պաշտոնական ընթրիքից հետո: Ի դեպ, հյուրանոցում էլ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը:

Հետո տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին եւս մի հանդիպում, արդեն օդանավակայանում, որը գուցե տեւել է ավելի երկար, քան առաջին՝ պաշտոնականը: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը գրել է, որ 1,5 ժամ էլ Պուտինի հետ զրուցել են օդանավակայանում: Հայաստանի վարչապետի գրառման համաձայն, մանրամասն այդ զրույցը եղել է այսպես ասած առաջին պաշտոնական մասի տրամաբանական շարունակությունը: Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ մանրամասն այդ զրույցը նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերությանը: Պուտինի հետ հանդիպման առաջին մասը Փաշինյանը բնորոշել էր «փայլուն զրույց»:

Ինչու՞ է առաջացել երկրորդ մասի անհրաժեշտությունը: Արդյո՞ք դա կախված է եղել Բելլա Քոչարյանի հետ Պուտինի հանդիպման հանգամանքից, թե՞ պարզապես առաջին պաշտոնական զրույցը ընդհատվել է Բելլա Քոչարյանի հետ հանդիպման համար, պայմանավորվածությամբ, որ շարունակությունը կլինի օդանավակայանում, մեկնելուց առաջ:

Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը Հայաստանում առաջացրել է մեծ հետաքրքրություն, հայտնի քաղաքական համատեքստի պատճառով: Մյուս կողմից, այդ հետաքրքրությունն այնպիսին է, ինչպիսին էր օրինակ դեռեւս նախորդ տարի օգոստոսին ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով, հետո շնորհավորանքը Տարեմուտի առիթով:

Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն փորձում է ՌԴ նախագահի հետ իր հարաբերության հանգամանքը դարձնել պաշտպանական մարտավարության առանցքային դետալներից: Մյուս կողմից գրեթե մեկ տարվա ընթացքում առաջանում է հարց՝ Պուտինը մոտ մեկ տարի է ուզում է, բայց չի՞ կարողանում հասնել Ռոբերտ Քոչարյանի ազատության եւ հետապնդման դադարեցման, թե՞ չի ուզում ընդհանրապես: Այստեղ իրավիճակը բավականին բազմիմաստ երանգով «համեմվեց» Կիրգիզիայում նախկին նախագահ Ատամբաեւի պատմությունը, որը նույնիսկ անձամբ գնացել էր Պուտինից պաշտպանություն ակնկալելու, բայց հետո զինված դիմադրություն ցուցաբերեց իրավապահներին, ու ի վերջո ձերբակալվեց:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունը հայտնվել է նոր իրողությունների եւ վերափոխման անհրաժեշտության առաջ: Ակնառու է, որ դրա անհրաժեշտությունը, հարաբերության նախկին բնույթի անկենսունակությունն ու անգամ վնասակարությունը գիտակցվում է երկու կողմում էլ: Այլ հարց է, որ յուրաքանչյուր կողմում էլ կա շատ հստակ քաղաքական պրագմատիկ ցանկություն՝ նոր հարաբերության կառուցման հասնել առավելագույնս շահեկան դիրքում: Եվ այստեղ, իհարկե, թե Նիկոլ Փաշինյանը, թե Պուտինը փորձում են օգտագործել այսպես ասած եղած հնարավոր բոլոր լծակներն ու ռեսուրսները:

Խոշոր հաշվով, ստացվել է այնպես, որ Ռոբերտ Քոչարյանն իր ներկայիս կարգավիճակով ու վիճակով ռեսուրս կամ խաղաթուղթ է երկուսի համար էլ: Քոչարյանն այդ իրավիճակում անելու այլ բան չունի, քան փորձել հնարավորինս օգտվել դրանից իր պաշտպանության համար: Այստեղ, սակայն, հատկանշականն այն է, որ մի կողմից ցույց տալով իր անձնական վերաբերմունքը երկրորդ նախագահի հանդեպ, ՌԴ նախագահը նաեւ ոչ պակաս ընդգծված ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերության հեռանկարը չի պայմանավորելու նրա գործոնով:

Ռոբերտ Քոչարյանին, սակայն, թերեւս շատ դժվար է հրաժարվել Պուտինից, հոգեբանորեն, որքան էլ ակնառու է, որ ՌԴ նախագահին նա թերեւս ավելի շատ պետք է կալանատանը, քան ազատության մեջ:
Նյութի աղբյուր՝ lragir.am

Please enter a valid URL