Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու նոր հատվածի շինարարության համար։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա, մասնավորապես, նշեց, որ այժմ Սիսիանից Քաջարան ճանապարհի երկարությունը կազմում է 120 կմ, իսկ ճանապարհն ինքը տեւում է երկուսուկես ժամ։ Նոր ճանապարհը, ինչպես նշեց փոխվարչապետը, կշրջանցի Գորիսը եւ Կապանը, Սիսիանից կթեքվի Դաստակերտ եւ դուրս կգա ուղիղ Քաջարան։ Արդյունքում, նրա խոսքերով, երթուղին կկրճատվի՝ հասնելով 60 կմ-ի եւ կզբաղեցնի ընդամենը 45 րոպե, սակայն այդ հատվածում անհրաժեշտ կլինի կառուցել 9 թունել եւ 27 ամուրջ։ Բացի այդ, ճանապարհը կըդլայնվի մինչեւ 4 մետր։
Նշենք, որ 556 կմ ընդհանուր երկարությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցքն, ըստ ծրագրի, պետք է Հայաստանի (Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) եւ Վրաստանի տարածքով ելք ապահովի դեպի Սեւ ծով եւ եվրոպական երկրներ։ Ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի սահման) եւ հարավի (Իրանի սահման) համար տրանսպորտային կոմունիկացիաների միջոցով կապ հաստատելուն եւ դեպի համաշխարհային շուկաներ ելքին։