Search
Close this search box.

Եթե նման տեսանյութ լիներ, այլ քրեական հոդվածով գործ կհարուցվեր, ես էլ այստեղ նստած չէի լինի. Դավիթ Սանասարյան

«Մինչև քրեական գործի հարուցվելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունը, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ էին շրջանառվում: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ սուտ են այդ ինֆորմացիաները: ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք պարզեցին, որ նման բան չկա, այսինքն՝ իրենք խոսեցին, իրենք հերքեցին այդ մասին լուրերը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են:

«Եթե հիշում եք, ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում: Եթե նման տեսանյութ լիներ, այլ քրեական հոդվածով գործ կհարուցվեր, ես էլ այստեղ նստած չէի լինի, իսկ իմ փաստաբանները միգուցե մի քիչ կմեղմացնեին իրավիճակը»,- շարունակեց Սանասարյանը՝ շեշտելով. «Ես ճեպազրույցներում մի հստակ բան ասացի, որ հիմա փորձ է արվում վարչապետի և իմ միջև սեպ խրել: Ես ինքս չգնացի այդ ճանապարհով, չտրվեցի զգացմունքներին. ես ավելի քան 11 տարի կռիվ եմ տալիս հանցավոր իշխանության գործունեության և կոռուպցիայի դեմ և հանցավոր իշխանության զինվորները, Սերժ Սարգսյանից սկսած, այսօր ազատության մեջ թրև են գալիս: Մարդ, որ իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել հանցավորության դեմ, այսօր այդ մարդու վերաբերյալ գործը հանցակցությամբ հաստատվեց և ուղարկվեց դատարան: Մյուս կողմից էլ՝ ես ուրախացա, որովհետև ասել էի, որ կոծկեցին կոռուպցիոների գործը, հիմա արդեն բաց դատական պրոցես կլինի: Մենք այսօր, վաղը, մյուս օրը բոլոր հնարավոր առիթներով կներկայացնենք, թե ինչ գործի մասին է խոսքն առահասարակ: Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեում քննվող դիալեզի մասին գործը նույնպես կհստակեցվի և պարզ կլինի ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում վերահսկողական ծառայությունն իր ղեկավարի հետ միասին, և ուր տարան այդ գործը, որ ընդհանրապես կապ չուներ բուն թեմայի հետ»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Please enter a valid URL