Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։

Նախագահ Սարգսյանը, ողջունելով բարեկամ և հարևան երկրի նախագահի այցը Հայաստան, մասնավորապես ասել է․ «Հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց մենք հետաքրքիր ժամանակներ միասին ապրել ենք հազարավոր տարիներ: Ու եթե մարդիկ աշխարհում փնտրում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների օրինակներ, մեր ժողովուրդների պատմությունը դրա լավ օրինակ է: Որպես Հանրապետության նախագահ, ես պատրաստ եմ իմ փոքր ներդումը բերել այդ մեծ գործին»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար։ «Բարեբախտաբար, Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերություններ են ձևավորվել: Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանն այսօր նախագահում է մի շատ կարևոր միջոցառում, և ես էլ այդ միջոցառման հյուրն եմ»,- ասել է նա:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։

«Ցանկանում եմ մեր գործընկերների ներկայությամբ մեկ անգամ ևս հավաստել, որ մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, որի հիմնական միտքն այն է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան կարողանում ենք իրացնել»,- ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանը՝ նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:

«Վաղը Հայաստանը նախագահում է մի կարևոր միջոցառում, որին մասնակցելու են տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրների ղեկավարները,- իր խոսքում նշել է Իրանի նախագահ Ռոհանին: -Անչափ ուրախ ենք Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններով։ Եվրասիական տնտեսական միությունը կսերտացնի այդ համագործակցությունը: Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ: Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությանը, այլև Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական օրակարգի և երկու երկրների միջև հարաբերություններին վերաբերող տարբեր հարցերի շուրջ: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Իրանը եւ Հայաստանը համագործակցության շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան իրականում օգտագործում են։ Նշվել է, որ ազատ վիզային ռեժիմը նպաստել է երկկողմ հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը։ Առևտրատնտեսական կապերի զարգացման գործում նախագահները կարևոր են համարել ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը։

Նշելով, որ Հայաստանն ունի էկոլոգիապես մաքուր էներգետիկայի մեծ ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է շատ ավելի լայն լինել, և առաջարկել է ավելի շատ ուշադրություն դարձնել այս ուղղություններին, հատկապես որ Իրանն արևային էներգետիկայի բնագավառում մեծ հաջողություններ ունի։ Անդրադառնալով տրանսպորտային ոլորտին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանն Իրանին կապող ավտոճանապարհը ժամանակակից դարձնելով՝ էականորեն կավելանան տրանսպորտային փոխադրումները։

Զրուցակիցները մեծագույն դրվատանքով են խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերություների ամրապնդման գործում:

Please enter a valid URL