Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փարիզյան «Bonheur Retrouvé» կազմակերպության ղեկավար Հայկ Մելիքյանին և կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հերթական այցով էին Գեղարքունիքի մարզպետարանում՝ նպատակ ունենալով օգնել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրում դպրոցական նոր շենք կառուցելու հարցում: Դեռ ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը և որոշել են գորշի անցնել: Les Armeniens de Bretagne կազմակերպության հետ Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպվեցին բարեգործական համերգներ, որպեսզի դրանցից գոյացած հասույթը ուղղվի դպրոցական նոր շենքի կառուցման համար:
«Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար: Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի Լեռնահովիտում դպրոցական նոր շենք կառուցելու համար, սակայն մենք եկել ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք, թե դպրոցի որ կարիքների համար կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:
Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց «Bonheur Retrouvé» և «Les Armeniens de Bretagne» կազմակերպություններին, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրամահավաքի աշխատանքներին, և հույս հայտնեց, որ հանգանակած գումարով հնարավոր կլինի դպրոցում լաբորատորիա հիմնել, դպրոցական գույք ձեռք բերել կամ ծախսել այլ կարիքների համար:
«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հաջորդ տարվանից իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների կառուցման ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկված է նաև Լեռնահովիտ համայնքի դպրոցը: Բնականաբար, ձեր կողմից հանգանակված 10 հազար եվրոն բավարար չի լինի դպրոցի շենքի կառուցման համար, սակայն այն կարող է ծառայել դպրոցին՝ դրա կառուցումից հետո: Գումարը կարող է պահպանվել բանկում կամ փոխանցվել դպրոցի հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը:
Քանի որ գումարը ծախսելու առումով դեռեւս ժամանակ կա, ուստի չի բացառվում, որ մինչև հաջորդ տարի «Bonheur Retrouvé» և «Les Armeniens de Bretagne» կազմակերպությունները ևս մեկ բարեգործական համերգ կազմակերպեն ու գումարը ավելացնեն: