Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր շուկան:Նման տեսակետ հայտնեց վարչապետը Երևանում անցկացվող  «Եվրասիական աշխարահամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին իր բացման խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունը, ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում:  Տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց զատ Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան»,-ասաց Փաշինյանն ու համոզվածություն հայտնեց , որ այս համաժողովի նման հարթակները, կարծիքների փոխանակումը լրացուցիչ խթան կհաղորդեն համագործակցության ամրապնդմանը նաև ԵԱՏՄ սահմաններից դուրս:

Վարչապետի կարծիքով` համաժողովը լավ հարթակ է առևտրատնտեսական կապերի ամրապնդման ճանապարհների և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաների ճարտարապետության հաստատման վերաբերյալ տեսակետների փոխանակման համար: Փաշինյանը հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքներով կկարողանան ավելի լավ գնահատել առկա հնարավորությունները և հստակեցնել արգելքները հաղթահարելու մեխանիզմները:

Վարչապետը շեշտեց նաև, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր են գործադրել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ երկրներում տնտեսական աճի համար: Այս կոնտեքստում առանցքային ոլորտներից մեկը նա համարեց եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացիան:

Վարչապետը նկատեց նաև, որ պատմականորեն Եվրասիա մայրցամաքը եղել է առևտրի, տնտեսական, մշակութային, հաղորդակցական գործընթացների խճանկար, որում քիչ կարևոր դեր չի խաղացել նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հաղորդակցության կենտրոնում՝ Մետաքսի մեծ ճանապարհին գտնվող Հայաստանը: Նա նշեց` Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Արտաշատի վերելքը, որը հայտնի էր որպես «Հայաստանի Կարթագեն» և բազմադարյա մայրաքաղաք Անին , որը հայտնի է եղել իր հիանալի ճարտարապետական կոթողներով. դա պայմանավորված էր նաև նրանով, որ դրանք գտնվում են Մետաքսի ճանապարհի վրա:

Վարչապետի կարծիքով` Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և այլ երկրների հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը, այլ նաև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը:

 

Please enter a valid URL