Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի պատիվ Սինգապուրի վարչապետի և նրա տիկնոջ՝ տրվել է պաշտոնական ճաշ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեզ՝ հայերիս համար Սինգապուրը, իհարկե, մի երկիր է, որի հանդեպ մենք առանձնահատուկ ջերմ զգացումներ ունենք: Այս տարվա հուլիսին Սինգապուր կատարած այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ Ձեր երկրում բացառիկ հոգատարություն է ցուցաբերվում հայկական ժառանգության հանդեպ: Մենք հավատացած ենք, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև հոկտեմբերի 1-ին ազատ առևտրի մասին կնքվելիք համաձայնագրերն արդյունավետ գործիք կհանդիսանան առևտրի և տնտեսության բնագավառում մեր երկրների միջև համագործակցության և ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման համար:

Վարչապետ Լի Սյեն Լունն էլ իր բաժակաճառում նշել է. «Ես անչափ երջանիկ եմ Հայաստան այցելելու և մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության համար։ Հայաստանը շատ բան ունի տալու մեզ. նախ և առաջ որակյալ և կրթված աշխատուժ ունեք։ Բացի այդ, դուք նորարարների ազգ եք, մասնավորապես, հայերն են ստեղծել MRI բժշկական սարքավորումը և ATM բանկային մեքենաները։ Հայաստանի և Սինգապուրի միջև նոր համաձայնագիրը գալիս է լրացնելու այն համաձայնագրին, որն ստորագրվեց Սինգապուրում հուլիսին և որն ընդգրկում է զբոսաշրջությունը, կրթությունն ու մշակույթը։ Ես վստահ եմ, որ վերոհիշյալ փաստաթղթերը ճանապարհ կհարթեն մեր երկու ժողովուրդների գործարար շրջանակների և տնտեսությունների միջև ավելի սերտ կապերի հաստատման համար»։

Please enter a valid URL