«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:«Նման «HAPPY END» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «HAPPY END»-ով» — ասաց Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:
Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր հեռանալիս բոլորին ժպտում էր, անընդմեջ շնորհակալություն հայտնում: ԲԿ-ի միջանցքներում տոն էր ))) նրան բոլորս ենք հասցրել սիրել ու շատ: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում այսչափ հոգատար ու անհանգիստ էին երեխայի կյանքի ու այս ընտանիքի համար: Շնորհակալություն նաև բժիշկներին»:
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին: