ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արջերի մասին և ոչ միայն
Մալաթիա-Սեբաստիա համայնքում մասնավոր անձի մոտ պահվող արջերի պատմությունը նոր չէ: Բնակելի շենքերի հարևանությամբ ոմն մեկը որոշել է երկու արջ պահել ու նրան առանձնապես չեն հուզում ո՛չ բնակիչների բողոքները, ո՛չ էլ արջերը, որոնք ավելի «արջավայել» պայմանների էին արժանի: Ինչո՞ւ չեն հուզում, որովհետև սույն անձի մոտ թղթերով ամեն ինչ ok է: Տևական ժամանակ է առանց աղմուկ բարձրացնելու զբաղվում եմ այս խնդրով ու օրենսդրական բացի պատճառով այսօր ունենք իրավիճակ, երբ սույն անձը հրաժարվում է արջերին հանձնել, որովհետև կա կառավարության թիվ 725 N որոշումը, ըստ որի, ինչը հաստատեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, նշյալ անձը ապահովել է արջերի պահման համար անհրաժեշտ չափորոշիչները և որևէ կերպ այս պահին արջերին նրանից վերցնել հնարավոր չէ:
Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև օրենսդրորեն խնդրի կարգավորումը, ես և իմ գործընկերները այլ տարբերակներ չենք քննարկելու թե՛ բնակիչների եւ թե՛ արջերի անվտանգությունը ապահովելու համար:
Հա, մեկ էլ մի բան. այս ընթացքում ես հասկացա, որ կան իրապես կենդանասերներ և, ցավոք, կան նաև «լժեկենդանասեր» ավանտյուրիստներ, որոնց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ անիմաստ աղմուկը:
Էնպես որ, ինչպես ասվում է այլևս դասական դարձած ցիտատում`հանգիստ նստեք տեղներդ: