Վայոց Ձորի մարզպետի օգնականի կողմից ծեծի ենթարկված սպայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկներն ամեն ինչ անում են, որ վիճակը բարելավվի։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա անդրադարձավ նաև կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ասաց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում՝ թե կոնկրետ բուժհիմնարկի, թե իր կողմից նախընտրած բժիշկների կողմից։ Նաև արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։
Վիճակը գնահատում են կայուն, անհանգստանալու հրատապ կարիք չկա։ Ուզում եմ միանգամից պատասխանել մեղադրանքներին, երբ ասում են, որ՝ սպանում են։ Չկա նման բան։ Մահվան սպառնալիք չկա, կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես մեր շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումն ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում»,- ասաց Թորոսյանը։