Ամենայն հավանականությամբ, վարչապետի Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը:
«Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասաց կաթողիկոսը:
«Բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջև, որ հուզում են մեր ժողովրդին և այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես և սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն և առաջընթաց ուղիով զարգանա»,- երկրի քաղաքական վիճակի մասին ասաց Գարեգին Բ-ն: