Աշխարհի ամենամեծ միջազգային «Դասին» օդանավակայանը Պեկինում պաշտոնապես սկսել է իր աշխատանքը, հայտնում են չինական ԶԼՄ-ները:
Օդանավակայանի շինարարությունը սկսվել էր դեռ 5 տարի առաջ, իսկ աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունիսի 30-ին: Նոր օդանավակայանը, որը գտնվում է Պեկինի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա, կունենա 4 թռիչքուղի։
Ըստ կանխատեսումների՝ 2025 թ-ին «Դասինը» կսպասարկի 72 միլիոն ուղևորի: «Դասինն» իր ինժեներական կառուցվածքով համարվում է աշխարհի ամենաբարդ օդանավակայանը:
Օդանավակայանի տանիքը, որը ճանաչվել է աշխարհի ամենամեծը, իր մակերեսով գերազանցում է 25 ֆուտբոլային դաշտի մակերեսը: Օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ Զախա Հադիդը։