Search
Close this search box.

Փաշինյանը կանխո՞ւմ է Օսիպյանի խոսելը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հրաժարականի պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, իր հրաժեշտի հայտարարության մեջ նշել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սեպտեմբերի 18-ին: Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ պաշտոնանկ եղած ոստիկանապետը նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական: Հանրությունն այդ նշանակումը ընդունեց տարաբնույթ արձագանքով: Շատերի մոտ հարց առաջացավ, թե նախկին ոստիկանապետը ինչպես եւ ինչ խորհուրդներ պետք է տա վարչապետին, որը, փաստորեն, դժգոհ է եղել նրա աշխատանքից ոստիկանապետի պաշտոնում: Համենայնդեպս, այդպես էր հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ Օսիպյանի եւ Վանեցյանի աշխատանքը չի գոհացրել վարչապետին:

Իսկ բանն այն է, որ Վալերի Օսիպյանը կարծես թե մասնագիտությամբ ոստիկան է եւ, ասենք, չի կարող վարչապետին տալ որեւէ այլ ոլորտի վերաբերյալ մասնագիտական գնահատական:

Ըստ այդմ պետք է արձանագրել, որ նրա խորհրդական նշանակումը քաղաքական ակտ է: Արդյոք Նիկոլ Փաշինյանը դրանով կանխո՞ւմ է հրաժարականի պատճառների մասին Վալերի Օսիպյանի խոսելը: Բանն այն է, որ Օսիպյանի այդ հայտարարությունը թողնում էր զգուշացման, կամ սպառնալիքի տպավորություն. եթե չարվի ինչ-որ բան, ապա կխոսեմ:

Իհարկե, սա առավելապես ենթադրություն է, մի վարկած, հնարավոր շատերի շարքում: Սակայն հետաքրքիր է, ե՞րբ է խոսելու Վալերի Օսիպյանը իր հրաժարականի պատճառների մասին, եւ կխոսի՞ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում աշխատելու ընթացքում: Թե՞ ավելի ուշ, երբ նա այդ պաշտոնն էլ կթողնի եւ արդեն կխոսի թե՛ ոստիկանապետի, թե՛ խորհրդականի պաշտոնները թողնելու պատճառների մասին: Եթե լուրջ, ապա այստեղ հատկանշական է, որ Վալերի Օսիպյանի պաշտոնանկության մասին դեռեւս պաշտոնական տեղեկությունների հրապարակումը չեղած, ռուսական «Ինտերֆաքսով» գնաց տեղեկություն, թե նրա հրաժարականը կապված է Ամուլսարի հարցի հետ, եւ վարչապետը Օսիպյանին հեռացրել է, որովհետեւ վերջինս չէր կարողանում ապահովել Ամուլսարի հարցում իշխանության խնդիրների լուծումն ու հանքի ճանապարհների բացումը:

Սա, իհարկե, կարող է լինել հերթական տեղեկատվական «բադիկը», որով լեցուն է հայկական եւ ռուսական մեդիադաշտը՝ Հայաստանի մասին հրապարակումների պարագայում, բայց, այդուհանդերձ, պաշտոնական մեկնաբանությունների սղությունը այդ «բադիկների» կյանքը երկարացնում է եւ ավելացնում թռիչքի բարձրությունը: Մյուս կողմից պետք է արձանագրել մի հատկանշական հանգամանք, որ Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվում է նախկին ոստիկանապետը, այսինքն՝ ուժային կառույցի ղեկավար, որն այդ ոլորտում ունի թե՛ հետհեղափոխական, թե՛ նախահեղափոխական բարձրաստիճան աշխատանքի բազմամյա փորձ»:

Please enter a valid URL